Գործադիրը Վերին Լարսի ճանապարհի այլընտրանք է փնտրում, լաստանավով փոխադրման տարբերակ է քննարկվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

85

Էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկում է փոխհատուցել Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ  լաստանավերով բեռնափոխադրում իրականացնող հայկական ընկերությունների ծախսերը: Այդ մասին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագիծ է հրապարակվել, համաձայն որի՝ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։

«Հաշվի առնելով, որ վերոնշյալ ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը Կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը», - նշված է նախագծում։

Ըստ նախարարության՝ Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է։ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ը կապող միակ ցամաքային ճանապարհը Վերին Լարսն է, որի նախագծային թողունակությունը կազմում է օրական 170 բեռնատար և 200 մարդատար ավտոմեքենա՝ երկու ուղղություններով։ Այժմ այդ թիվն աճել է մի քանի անգամ՝ 650 բեռնատար և 1700 մարդատար մեքենա՝ երկու ուղղություններով։ Այդ թիվն ավելի է աճում ամռան սկզբից սկսած՝ հանգեցնելով կուտակումների։ Փոխադրողները Հայաստանից տարեկան առնվազն 10 հազար անգամ անցնում են Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ։

«Ռուս-վրացական սահմանին ավտոմեքենաների կուտակումը լուրջ խնդիր է։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանից Հայաստան միակ գործող ցամաքային ուղին` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, պարբերաբար փակվում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Արդյունքում Ռուսաստանի և Վրաստանի սահմանին պարբերաբար մեծ երկարությամբ հերթեր են առաջանում։ Դա, անշուշտ, լուրջ լոգիստիկ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար։

Լարսի անցակետի փակ լինելը, հաշվի առնելով, որ վերջինս հանդիսանում է ՀՀ-ից արտահանման հիմնական ուղղությունը, բացասական մեծ ազդեցություն է թողնում տնտեսության և մասնավորապես արտահանման ցուցանիշների վրա։ Եթե մեկ մեքենայի միջինացված հաշվով բեռը գնահատենք 25 հազ. ԱՄՆ դոլար և այն, որ միջինում օրական 10-15 հայկական բեռներով մեքենաներ են անցնում Լարսով, ապա կարող ենք նշել որ օրական 250 հազ. ԱՄՆ դոլարի արտահանում չի իրականացվում։

Հաշվի առնելով, որ նախագծով նախատեսվում է ամսական իրականացնել 8 չվերթ 50 մեքենայով, իսկ 1 մեքենայով տեղափոխվող արժեքը միջինացված գնահատվել է 25 հազ․ դոլար, հետևաբար՝ լաստանավով բեռնափոխադրման ծավալը 1 ամսում կկազմի 10 մլն․ դոլար։ 20% շահութաբերության պարագայում այդ ընկերությունների շահոյթը կկազմի 2 մլն․ դոլար, որից միայն շահութահարկ կգեներացվի 360 հազ․դոլար։ Նմանատիպ հաշավարկը վերաբերում է նաև նեմուծող բեռների մասով և դրան կավելանա նաև ներմուծման համար շուրջ 2 մլն․ դոլար ավելացված արժեքի հարկ։

Հետևաբար, ըստ գնահատականների, 2,7 մլն դոլար հարկային մուտքեր կավելանա, իսկ ընդհանուր ծախսը կկազմի 8 չվերթի համար 800 հազ․ դոլար։

Հիշյալ խնդրի կարգավորման այլընտրանքային միջոց կարող է հանդիսանալ լաստանավով իրականացվող բեռնափոխադրումների ծախսերի փոխհատուցումը, ինչը կապահովի հայկական արտադրության բեռների տեղափոխումը՝ չավելացնելով բեռնափոխադրման վրա կատարվող ծախսերը։ Հարկ է նշել, որ լաստանավով տեղափոխման ծախսերն այդ չափով ամբողջությամբ ավելացնում է բեռնափոխադրման արժեքը։

Սակայն այլընտրանքային ճանապարհը թույլ կտա ներկրումն ու արտահանումը կազմակերպել առավել նպաստավոր պայմաններում և կանխատեսելի ժամանակահատվածում:

Հայաստանի Հանրապե­տության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է խթանելու միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն ավելացնելու բեռնափոխադրումների ծավալները, նվազեցնելու առկա լոգիստիկ խոչընդոտները:

Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցման նպատակով բեռնափոխադրումների՝ ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցում։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լաստանավով բեռնափոխադրման դեպքում Լարսով փոխադրելու համեմատ ծախսերն ավելանում են լաստանավի փոխադրման վրա կատարված ծախսի չափով։

Նախատեսվում է փոխհատուցել լաստանավով տեղափոխման ծախսերը ամբողջությամբ՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։ Ոսումնասիրությունները ցույց են տալիս, որ լաստանավը կարող է Փոթի-Կովկաս նավահանգիստ տեղափոխել յուրաքանչյուր ուղղությամբ 50 մեքենա, և երկու ուղղությամբ տեղափոխման արժեքը կազմում է 100-120 հազ. ԱՄՆ դոլար, հետևաբար մեկ բեռնատար մեքենայի մեկ ուղղությամբ ծախսը կազմում է 1000-1200 ԱՄՆ դոլար, իսկ երկաթգծային վագոնով տեղափոխման դեպքում, քանի որ լաստանավը կարող է տեղափոխել 40 վագոն, ծախսը կկազմի 1200-1500 ԱՄՆ դոլար։ Հարկ է նշել, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 20-50% զեղչերի կիրառման հնարավորության վերաբերյալ», - նշված է նախագծում։

Նշվում է նաև, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։

Փոթի - Կովկաս նավահանգիստ - Փոթի ուղղությամբ մեկ չվերթի համար Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով Ընկերությանը տրամադրվող գումարի չափը կազմում է յուրաքանչյուր Շահառուի լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի 100 % -ը, բայց ոչ ավելի, քան մեկ շահառուի հաշվով մեկ չվերթի համար 1 մլն դրամը, իսկ մեկ ուղղության համար 0.5 մլն դրամը։

--00—ԼՄ