Կալաշնիկով, պայթուցիչով նռնակ, ատրճանակ․ ապօրինի զինամթերքներ են կամավոր հանձնվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության հետ բացատրական աշխատանք իրականացնել։ Վերջին օրերին հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի, հրացանի, պայթուցիչով նռնակի, տարբեր տրամաչափի ու հրազենների մի քանի հարյուր փամփուշտի, ինչպես և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հրացանի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնում։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը։ Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս բաժնում արձանագրվել է գործարանային համարով ապօրինի հրացանի կամավոր հանձնման դեպք։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող ատրճանակների և զինամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Ապօրինի պահվող հրացանների, պայթուցիչով նռնակների, մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտների և այլ զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնականի և Մետրոպոլիտենի պահպանության բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր ներկայացնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00—ՄՀ