ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա հետապնդվում է իրականացվում. ՔԻՊ ՀԿ-ի ահազանգը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ քարտուղար Թաթուլ Մկրտչյանը հայտարարություն է տարածել՝ ահազանգելով, որ ՔԻՊ նախագահ Կարեն Հեքիմյանի նկատմամբ 2 ամիս առաջ սկսված հետապնդումը շարունակվում է ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Ոստիկանությանն ուղղված դիմումի հիման վրա։

«Նշված դիմումի հիմքով թեև քրեական գործ հարուցվել է, բայց ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, նույնիսկ չի ապացուցվել՝ հանցանք տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ։ Սակայն Կարեն Հեքիմյանին, ով 3 ամիս առաջ սոցցանցում անդրադարձել էր մամուլում լայնորեն տարածված ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հ. Հովհաննիսյանին վերաբերող հրապարակմանը, առաջիկա օրերին կրկին հրավիրել են Քննչական կոմիտե։ 

Այսու՝ ՔԻՊ-ը հայտարարում է, որ Կարեն Հեքիմյանին այս խնդրով վերստին հարցաքնության հրավիրելու փաստը վերահաստատում է, որ նրա նկատմամբ, ըստ էության, քաղաքական հետապնդում է իրականացվում, որը պայմանավորված է նրա հասարակական-իրավապաշտպան գործունեությամբ, ԵՊՀ-ում իրավախախտումները բացահայտելուն միտված դատական գործընթացներով, սոցիալական ցանցերում արած գրառումներով, մամուլում հրապարակված քննադատական հոդվածներով։ 

ՔԻՊ-ն ահազանգում է, որ քննչական մարմնի կողմից հանրային գործիչ Կարեն Հեքիմյանին թիրախավորելու արդյունքում վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները, ոտնահարվում օրինականությունն ու մարդու իրավունքները։

ՔԻՊ-ը նաև կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին քննադատել ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հ. Հովհաննիսյանի դիմումի հիմքով սանձազերծված գործընթացը, որը հեղինակազրկում է ԵՊՀ-ն ու նրա ներկայիս ղեկավարությանը»,-նշված է հայտարարությունում։

--00—ԼՄ