Հրազդանում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ, փակ է նաև Լարսը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Լոռու մարզի Սպիտակի ոլորանները փակ են, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի՝ կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառմամբ)։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան և «Մեղրու սար» կոչվող հատվածները, Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհը դժվարանցանելի են։

Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արտաշավան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ՄՀ