Այս իշխանությունը կալանավորում է բոլորին՝ նպատակը մարդկանց վախեցնելն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«Երեք տարվա ընթացքում իշխանությունը ցույց տվեց, թե ինչպես կարելի է մասնագիտանալ Սահմանադրություն խախտելու մեջ։ Նման մասնագիտացում ունեցողները, չեմ կարծում, որ բարեփոխումների դիրքից հանդես գան: Ես տեսնում եմ մեկ թաքնված հանգամանք՝ ՀՀ Սահմանադրությամբ, վարչապետ ընտրվելուց մեկ տարի անց հնարավոր է նրա նկատմամբ անվստահություն հայտնել, հավանաբար Սահմանադրությունը փոխում են այդ նպատակով»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար խորհուրդ ստեղծելու իշխանության որոշմանը:

Խոսելով համայնքապետերի կալանավորման գործընթացի մասին՝ Վարդևանյանը նշեց.
«Գործ ունենք բռնապետական ռեժիմին բնորոշ կալանավորման գործընթացների հետ:
Այս իշխանությունը կալանավորում է բոլորին՝ նպատակը մարդկանց վախեցնելն է: Ո՞վ կարող է ասել՝ ինչի՞ էր պետք սպասել Վանաձորում ընտրություններ ընթանան, տեսնեն՝ արդյունքները ի՞նչ են լինում, որ կալանավորեն Մամիկոն Ասլանյանին, պետք է կուրորեն հավատացող լինել, որ այնտեղ քաղաքական բաղադրիչ չտեսնենք: Կամ Աշոտ Մինասյանին կալանավորեցին, երբ նա մեկ տարի շարունակ ԱԱԾ-ի աչքի առաջ էր, կալանավորվում են պատերազմ անցած, Սյունիքը պաշտպանած մարդիկ, հարց է՝ ինչու՞ են նրանք մեկուսացվում»: 

Մանրամասները՝ տեսանյութում։