Մեծ Բրիտանիայում օմիկրոն շտամով վարակից մահացել է 14 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

օմիկրոն

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակից մահերի թիվը հասել է 14-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտնել է Թագավորության առողջապահության փոխնախարար Ջիլիան Կիգանը:

Մահվան առաջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի 13-ին: Կիգանը տեղեկացրել է, որ ներկայում օմիկրոն շտամով հոսպիտալացված է 129 մարդ, ինչը 12 անգամ գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը:

Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում գրանցվում է մեկ օրում կորոնավիրուսի 80-90 հազար նոր դեպք, ինչը համավարակի սկզբից ի վեր ռեկորդային թիվ է երկրի համար: Համաձայն կառավարության վերջին տվյալների՝ վարակման դեպքերի 60 տոկոսը բաժին է ընկնում օմիկրոն շտամին, իսկ Լոնդոնում այդ ցուցանիշը կազմում է 80 տոկոս:

--00--ԱՀ