Դանակի սպառնալիքով օտարերկրացի տղամարդու պայուսակը հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են

 

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

ձերբակալություն

Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին փոխանցվել է ավազակության մասին հաղորդում:

Օտարերկրացի տղամարդը հայտնել է, որ իրեն մոտեցել են անծանոթ անձինք ու դանակով սպառնալով՝ հափշտակել պայուսակը, որի մեջ հագուստ, բջջային հեռախոս ու դրամապանակ կար։ Դեպքը Փարպեցու փողոցում է եղել։

Մեկնած քրեական հետախույզները տարածքում օպերատիվ հարցումներ են իրականացրել։ Բացահայտման աշխատանքներին միացել են Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Օպերատիվ հարցումներից բացի, համատեղ իրականացվել են նաև այլ հետախուզական միջոցառումներ, որոնք դեպքից ժամեր անց արդյունք են տվել: Պարզվել է ավազակություն արած անձանց ինքնությունն ու բնակության հասցեները։ Երևանի բնակիչ՝ 37 և 35 տարեկան երկու տղամարդկանց հայտնաբերելու միջոցառումներն արդյունք են տվել դեկտեմբերի 22-ին։ Կասկածվողները լուսադեմին հայտնաբերվել են ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Նրանք ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00—ՄՀ