Հայկ Մարությանը դեռևս շարունակում է մնալ Երևանի ավագանու անդամ․ քաղաքապետարանի մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակական

Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամի իր մանդատն առայժմ վայր չի դրել։ Այս մասին 24News-ին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը։

Իոսիֆ Կուբատյանն ասաց, որ Մարությանը դեռևս շարունակում է մնալ ավագանու անդամ։ Հարցին՝ նախատեսվա՞ծ է փոխքաղաքապետերի փոփոխություն, Կուբատյանը պատասխանեց, որ առնվազն մեկի փոփոխություն նախատեսվում է։ «Որովհետև Հրաչյա Սարգսյանը փոխքաղաքապետ էր», - նշեց նա։ 

Կուբատյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ով է առաջին փոխքաղաքապետի թեկնածուն։ «Առաջին փոխքաղաքապետը պետք է ավագանու անդամ լինի։ Այս հարցն արդեն ավագանու դաշտում է, ավագանին է ընտրելու, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել», - եզրափակեց նա։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը 24News-ին ասաց, որ դեռ տեղեկություն չունի՝ ո՞վ կլինի Երևանի առաջին փոխքաղաքապետը, արդյո՞ք նախատեսված է մյուս փոխքաղաքապետերի փոփոխություն։ 

«Երբ որ հստակորեն ստանձնի քաղաքապետի պաշտոնը, արդեն պարոն Սարգսյանի հետ պետք է այդ հարցը քննարկվի։ Բայց մինչև այս, խմբակցությունում քննարկումներ չենք ունեցել, ու նման ինֆորմացիա չունեմ, որ Ձեզ փոխանցեմ», - եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել էր ավագանու 57 անդամ, որոնցից 44-ը կողմ է քվեարկել Մարությանին անվստահություն հայտնելու և Սարգսյանին քաղաքապետ ընտրելու նախագծին, 10-ը՝ դեմ։ Անվավեր էր համարվել 3 քվեաթերթիկ։ Երեկ իր ելույթում Հայկ Մարությանը պաշտոնանկության գործընթացը որակել էր որպես «հեղաշրջում», իսկ ավագանու իմքայլական մեծամասնությունը պաշտոնանկ անելու գործընթացը պատճառաբանում էր նրա՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալով։