Փարաքարում «Ապրելու երկիրը» մի շարք օրենքների խախտումներով է իր թեկնածուին անցկացրել․ «ՔՈ» խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Քաղաքական

Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության կողմից համայնքապետի ընտրության ամբողջ պրոցեսը վարչական դատարանում վիճարկում ենք։ Պահանջում ենք, որ ընթացակարգերի և օրենքի խախտումներով իրականացված գործընթացն անվավեր ճանաչվի, օրինական ընտրություն անենք։ Այս մասին 24News-ին ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով Փարաքար համայնքում ստեղծված իրավիճակին։

«Դավիթ Մինասյան» դաշինքը, որի ավագանու ցանկում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչներն են նաև, վարչական դատարան է դիմել՝ վիճարկելով դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ավագանու նիստի իրավազորությունը, «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի ընտրությունը։ 

Երեկ «Ապրելու երկիր» կուսակցությունը բողոքի ակցիա էր իրականացնում Փարաքարի համայնքապետարանի մոտ, քանի ոստիկանությունը թույլ չէր տալիս իրենց կողմից համայնքապետ ընտրված Վալոդյա Գրիգորյանի մուտքը համայնքապետարանի շենք։ Քաշքշուքներից հետո ոստիկանությունը թույլ էր տվել Վալոդյա Գրիգորյանին մտնել շենք։ Այնուհետև «Ապրելու երկիր»-ը հայտարարություն էր տարածել, որ ավագանու մյուս անդամների կողմից դեկտեմբերի 17-ի նիստին ձևավորված չեն եղել խմբակցություններ և հնարավորություններ չեն ունեցել առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու։ «Արդյունքում Վալոդյա Գրիգորյանի օգտին քվեարկել են 10 կողմ, 0 դեմ և Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար»։

Դեկտեմբերի 17-ի նսիտի օրը «Դավիթ Մինասյանը» դաշինքն էլ էր առաջարդել իր թեկնածուին և «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության աջակցությամբ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը։ ՔՈ կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանն ասաց, որ թող «Ապրելու երկիր» կուսակցությունը գա, և առանց օրենքի խախտումների կրկին փորձի ընտրել համայնքի ղեկավար։ 

««Ապրելու երկիրը» մի շարք օրենքների և ընթացակարգերի խախտումներով է իր թեկնածուին անցկացրել՝ ելնելով այն հանգամանքից, որ նիստը նախագահողը՝ որպես տարիքով ավագ ավագանու անդամ, իրենց կուսակցության ներկայացուցիչն է եղել։ Մեր հայցում անդրադարձ կա նաև նիստի շարունակության թեմային։ Եթե նույնիսկ դատարանը մեր դաշինքնին չանդրադառնա, իրենց դաշինքին պարտադիր անդրադառնալու է, որովհետև հայցի հիմնական կառուցվածքն ընտրության պրոցեսի ի սկզբանե անօրինական լինելու մասին է, որովհետև իրենք հարաժարվել են թեկնածու գրանցել, չեն սահմանել թեկնածուի առաջադրման տևողոթյունը, առանց քվորման համար բավարար մասնակիցների քվեարկություն են արել, ամփոփել են արդյունքները, այսինքն՝ այս պրոցեսն ամբողջությամբ հակաիրավական է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք առանց մեզ ինչ-որ ընթացակարգերով առաջ են շարժվել, մեր ավագանու անդամները [դեկտեմբերի 17-ին] վերադարձել են նիստերի դահլիճ, որովհետև իրավական իմաստով իրենք որևէ կերպ չէին կարող տեղյակ լինել, որ նիստը ավարտված է եղել։ Եվ եկել են, կայացրել են համապատասխան որոշումը։ Երբ որ ստեղծվել է իրավիճակ, որ խմբակցություններն արդեն պիտի քվեարկեին, այդ իրավիճակում ՔՊԿ-ի ավագանու անդամները քվեարկել են մեր թեկնածուի օգտին, և այդպիսով է, որ մեր թեկնածուն ստացել է 11 ձայն։ Ի սկզբանե, երբ նիստը սկսվել է, բոլոր երեք ուժերն իրենց թեկնածուին են առաջադրել», - եզրափակեց Նահապետյանը։ 

«Ապրելու երկիր» կուսակցությունը երեկ հայտարարեց, որ իր հաղթանակը պատրաստ է ամրագրել նաև դատական ատյաններում, նաև «պարտաստ է Փարաքար համայնքի ավագանու նոր ընտրությունների անցկացման՝ ակնկալելով մյուս երկու պարտված ուժերի ողջախոհությունը այս հարցում»։ 

ՔՊԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 24News-ին ասաց, թե ինչի՞ համար պետք է անցկացվեն նոր ընտրություններ, եթե կա ավագանու 11 անդամ, ովքեր հստակ դիրքորոշում են հայտնում, թե ով պետք է լինի համայնքապետ։ ««Ապրելու երկիրը» փորձում է զոռբայությամբ ապացուցել, որ 10-ը մեծ է 11-ից, այդտեղ ուրիշ պատմություն չկա», - նշեց նա։

Ըստ Ալեքսանյանի՝ իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի այն, որ բոլոր այն ավագանու անդամները, ովքեր ապօրինություններ են թույլ տվել, իշխանազավթման փորձեր են արել, պետք է կրեն համապատասպան պատասխանատվությունը, որը նախատեսված է օրենսգրքերով, իսկ 11 ավագանու անդամներն էլ, արտահայտելով ժողովրդի քվեն, պիտի ընտրեն համայնքապետ։ Ըստ ՔՊԿ խոսնակի, արդեն դատարանի կորոշի՝ պե՞տք է անցկացվի ավագանու նոր նիստ, և ընտրվի համայնքապետ։ «Առնվազն ակնհայտ է, որ եթե 11 ավագանու անդամներն մեծամասնությունը՝ 11-ը, ունեն հստակ դիրքորոշում, այդ պարագայում արդեն իսկ բացառվում է, որ 10 ավագանու անդամները կարողանան իրենց կամքը թելադրել», - եզրափակեց պատգամավորը։

Փարաքարում ընտրությունների արդյունքներով 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիրը», 6 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 5 մանդատ՝ ՔՊԿ-ն: