Ադրբեջանը պետք է հասկանա, որ հանգիստ չի ունենա, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը. Հրանտ Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Մարգարյան

Դեկտեմբերի 25-ին Թեհրանում, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում նշվեց Հայ Յեղափոխական դաշնակցության 131-րդ ամյակը: 

Միջոցառմանը հրավիրված բանախոսն էր «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ, ՀՅԴ Բյուրոյի  նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա, անդրադառնալով Հայաստանի ու հայ ժողովրդի ներկա կարգավիճակին, ընդգծեց.

«Այսօր Դաշնակցության օրվա նշումը հաշվետվության օր է ու թեև մենք սովոր ենք այն տոն համարել, բայց, այսօրվա մեր երկրի եւ ազգի իրավիճակը նկատի ունենալով, ի՞նչ տոնի մասին է խոսքը, կորցված ու կտոր-կտոր դարձած հայրենիք, ոտնահարված արժանապատվություն ու հպարտություն, որ տիղմի մեջ թաղւած է, անորոշ ապագա, ամոթի այս պայմաններում չի կարող տոն լինել»:

Կարելի է շատ զոհեր տալ, կարելի է տարածքներ կորցնել, բայց դրանք կարող են կործանիչ չլինել, եթէ մենք չենք հաշտվում պարտության հետ, եթէ մեր մեջ շարունակվում է վճռակամությունը՝ կորցրածը հետ բերելու, կորցրածին վերատիրանալու: Եթէ կա այդ վճռակամությունը, ոգին ու տրամադրությունը, այդ պարտությունը ժամանակավոր է դառնում:

Պարտությունը կարող է կործանիչ լինել, երբ մեր մեջ մեռնում է պայքարի ոգին եւ մենք հաշտվում ենք պարտության հետ ու հայրենիքի կորուստը համարում ենք անվերադարձ»:

Բանախոսը անդրադարձավ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլիացիոն այն պայմանագրին, որի հետեւանքով հայ ժողովուրդը կորցրեց ավելին եւ թշնամուն հանձնւեց այն ամենը, ինչ ուզում էր. 

Հրանտ Մարգարյանը նշեց, որ խաղաղությունը չի կարող նպատակ լինել, այլ պետք է հետեւանքը լինի մեր գործուղությունների, եւ ընդգծեց, որ հայկական իրականությունը վաղուց ի վեր բաժանված է եղել Վարդան Մամիկոնյանների եւ Վասակների: Եղել է երկու մեծ ճամբար՝ ազգային եւ ոչ-ազգային, եւ մեր իրականության մեջ գործ ունեցող որեւէ քաղաքական ուժ, կամա թե ակամա, հայտնվել է այս կամ այն ճամբարում: Ազգային թեւը փորձել է, ազգային հարցերը կարեւորելով, ազգայինով ձգտել համամարդկային արժեքների, իսկ ոչ ազգայինը անտեսել է ազգային խնդիրները եւ ձգտել է համամարդկային արժեքների, որպեսզի, որպես անհատ եւ խմբավորում կարողանա լավ ապրել: «Սարսափելի չէ նմանների ներկայությունը, այլ սարսափելի է այն, որ նմանները իշխանություն են դառնում, եւ երբ իշխանություն են դառնում վիճակը լինում է այնպես, ինչպես այսօր»:

Նա ընդգծեց. «ՀՅԴ-ի կյանքի մեջ ամենակարեւորը հայրենիքն ու Արցախն է, եւ ոչ թե՝ պայքար հանուն իշխանության: Մենք իրավունք չունենք ընկճվելու, համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ: Համեմատաբար իբրեւ կազմակերպված ուժ, մնացել ենք մենք՝ Դաշնակցությունը, ժողովուրդը մեզնից մեծ ակնկալիքներ ունի, մենք պարտավոր ենք վերակազմակերպել Արցախի ազատագրական շարժումը, պարտավոր ենք համընդհանուր կռվի դուրս գալ թշնամու դեմ, քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, հայդուկային պայքարի բոլոր բնագավառներում եւ աշխարհով մեկ ամենուր բոլորս պէտք է մասնակցենք այդ պայքարին:

Ադրբեջանը պէտք է հասկանա, որ հանգիստ չի ունենա, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը: Մեր պայքարը նոր է սկսվում: Աշխարհը պէտք է հասկանա, որ հայ ժողովուրդը դեմ է կապիտուլիացիային, դեմ է իր տարածքների բռնազավթմանը: Ոչինչ չի վերջացել, այլ միայն սկիզբ է առել: Անհրաժեշտ է չեղարկված հայտարարել նոյեմբերի 9-ի կապիտուլացիան, եւ ազգային նոր Զարթոնք է հարկավոր»,-ամփոփեց Հրանտ Մարգարյանը:

--00--ԱԹ