Չի կարելի ծնկաչոք գնալ բանակցությունների և ամեն օր կատարել նոր զիջումներ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Արթուր-Մ

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» օրակարգով հրավիրված ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ.

«Հարգելի գործընկերներ,

Ժամանակին՝ տարիներ, ամիսներ առաջ, երբ խոսում էինք, որ չի կարող այս երկրին բարիք բերող «փողոցային իշխանություն» լինել, մարդիկ ոգևորված հեղափոխության, իսկ իրականում հեղաշրջման գաղափարներով, մոռանում էին, որ իշխանության գալու հենց առաջին օրվանից Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով սկսել է խփել հայկական զույգ հանրապետությունների համար ամենակարևոր օղակներին՝ հայ եկեղեցուն, ազգային բանակին, ազգային կուսակցություններին, համազգային միասնությանը: Երկիրը բաժանելով «սև-սպիտակների», նույնը տեղափոխեց Արցախ, հիմա տեղափոխում է Սփյուռք:

Սին ու մտացածին է այն մտածելակերպը, որ եթե մենք լռենք, սպասնեք, միգուցե ինչ-որ հարաբերություններ հետագայում կարող են կարգավորվել: Ոչ: Վարչապետի այնօրվա հարցազրույցում «կարմիր թելի» պես մի մեսիջ է անցնում: Երբ մի քանի ամիս առաջ ասել ենք, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, մարդիկ տարակուսանք էին հայտնել՝ կարող է լավ չեք հասկացել: Էլ ի՞նչ է պետք, որ հասկանանք: Եթե Հայաստանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի այցելում Արցախի Հանրապետություն, եթե Արցախի Հանրապետության ամենանվիրական օրերից մեկի՝ անկախության տոնի ժամանակ, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի այցելում, իսկ որոշ պաշտոնյաներ նախընտրում են հանգիստն այդ օրն ուրիշ տեղ անցկացնել:

Եթե ամեն անգամ, բավարարվելով սոցիալական, հումանիտար խնդիրների լուծմամբ, ոչ մի քաղաքական հարց չի բարձրացվում, եթե պատերազմից հետո «Արցախի Հանրապետություն» տերմինը դուրս է եկել Հայաստանի քաղաքական ղեկավարության լեքսիկոնից: Եթե այսքանը մեզ համար բավարար չէ, ուրեմն կամ կույր ենք կամ էլ մեզ կույրի տեղ ենք դրել: Սա է իրականությունը, իսկ իրականությունից փախչել չի լինի:

Այս ազգադավ իշխանությունների՝ օր առաջ հեռացումը ոչ միայն Արցախին է պետք, այլև հայկական զույգ պետություններին: Երբ ասում ենք՝ պարտված իշխանությունները պետք է հեռանան, դա իշխանափոխության համար չենք ասում, չի կարելի ծնկաչոք գնալ բանակցությունների և ամեն օր կատարել նոր զիջումներ: Այստեղ հայտարարել Արցախը Հայաստան և վերջ: Որոշ ժամանակ անց ասել՝ բա ադրբեջանցիները: Այս իրար հակասող մանիպուլյացիաները, ոչ ադեկվատ պահվածքը ցույց է տալիս, որ իրականում հայկական երկու հանրապետությունները արդեն վաղուց հատել են «կարմիր գծերը» և գտնվում են կործանման եզրին:

Բայց այսքանի հետ միասին մի լավ լուր ունեմ հայտնելու: Տարիներ, տասնամյակներ, հազարամյակներ շարունակ այս ժողովուրդն ապրել է այս հողում և շարունակելու է ապրել: Դիմագրավել է բազմաթիվ մարտահրավերների և ես հույս ունեմ, որ այս հերթական մարտահրավերը՝ «նիկոլ փաշինյան արհավիրք» մարտահրավերը մեր զույգ հանրապետությունների ժողովուրդը հաջողությամբ կդիմագրավի»:

--00--ԱԹ