Մարությանի պաշտոնանկությունից հետո ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել Երևանի քաղաքապետարանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գործող Պետական վերահսկողական ծառայությունն այսօր ուսումնասիրություն է սկսել իրականացնել Երևանի քաղաքապետարանում։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը։

Կուբատյանը չասաց, թե կոնկրետ ինչն է ստուգում ՊՎ ծառայությունը։ 24News-ը զանգահարեց նաև ՊՎԾ, սակայն այնտեղից հայտնեցին, որ մամուլի պատասխանատուն ավելի ուշ կապ կհաստատի մեզ հետ։

Նշենք, որ ստուգումները սկսվել են Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց (դեկտեմբերի 22) հետո։ Իշխող ուժի նախաձեռնությամբ սկսված պաշտոնանկության գործընթացը Մարությանն իր դեկտեմբերի 22-ի ելույթում որակել էր որպես հեղաշրջում և քննադատել իշխանությունների վարած քաղաքականությունը։

--00--ԿԿ