Գերիների կալանքը փաստացի կիրառվում է ոչ թե որպես խափանման միջոց, այլ որպես պատիժ․ Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Հասարակական

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից 5 հայ գերիների վերադարձով պայմանավորված ավելի վաղ նշանակված դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանների դիրքերի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով գերի ընկած 5 հայ զինծառայողներ։ 

«Իրավական ուղի» ՀԿ-ն զբաղվում է դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ վերադարձած 5 գերիներից երկուսի՝ լեյտենանտ Սերժիկ Ամիրխանյանի և պայմանագրային զինծառայող Ռոբերտ Նալբանդյանի շահերի պաշտպանությամբ։ 

Մելիքյանի խոսքերով՝ երեկ առաջին ատյանի դատարանում ընթացող նիստի (դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ) ժամանակ ՔԿ քննիչը բացի 1 ամսով կալանավորված Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդությունից, նոր փաստարկ է ներկայացրել։ «Ասեց, որ 5 գերիներ են վերադառնում Հայաստան և առընչություն ունեն կոնկրետ մեր կալանվորված պաշտպանյալի հետ, որը նույնպես գերի էր, նույն տարածքի հետ կապված մարդիկ են։ Մենք վերադարձի մասին դեռ տեղեկություներ չունեինք, դեռ հրապաարկված չէր այդ հանգամանքը։ Դատական նիստն ավարտվեց, դատարանն այսօրվա համար նշանակել էր որոշման հրապարակման ժամ՝ ժամը 11։50, բայց դատավորը վերադառնալով՝ ասաց՝ քանի որ հայրենադարձվել են այդ մարդիկ, դատական նիստը վերսկվում է։ Փաստորեն Ադրբեջանի գործողությունները մեր վստահորդի մասով ունեցան ոչ դրական հետևանքներ։ Բայց էական չէ դա, մեր վստահորդի կալանքի ժամկետը մինչև հունվարի 6-ն է, հիմա ՔԿ-ն ուզում է երկարաձգել։ Մենք պնդում ենք, որ անկախ 5 հոգու վերադարձից, կալանքի ժամկետը չպետք է երկարացվի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ մարդը չի կարող ազդեցություն ունենալ երեկ վերադարձածների վրա։ Բոլորը հարցաքննվել են, և այստեղ որևէ խնդիր չի կարող լինել։ Դատական նիստը վերսկսվելու է այսօր 17։30-ին»։
 
«Քննիչի փաստարկն այն է, որ երեկ վերադարձած զինծառայողների հետ կապված գործողություններ կան կատարելու, և դրա հիման վրա մեր վստահորդը պետք է մնա անազատության մեջ, որպեսզի ճնշում չգործադրի վերադարձած գերիների վրա։ Ինչպե՞ս է ճնշում գործադրելու, ինչո՞ւ, որևէ հիմնավորում ներկայացված չէ», - ընդգծեց Ռուբեն Մելիքյանը։
 
Ըստ նրա՝ առաջին ատյանի դատարանը պատշաճ ժամկետում քննել էր կալանավորման առաջին միջնորդությունը, որի որոշումը պաշտպանությունը վաղուց բողոքարկել է, սակայն վերաքննիչ դատարանից դեռևս լուր չունեն։ «Իսկ մեր մյուս վստահորդի մասով նիստը նշանակվել է հունվարի 5-ին, մեր պատկերացմամբ չափազանց ուշ ժամկետում, որն ուղղակի անընդունելի է անձի ազատության տեսանկյունից»։
 
Մելիքյանի խոսքերով՝ վերաքննիչ դատարանի կողմից ընթացակարգերի խախտում է տեղի ունեցել նիստ չնշանակելու տեսանկյունից։ «Եթե նախկինում մինչև այս նորամուծությունները, բուն կալանքի որոշումից 2 շաբաթից ավել էր տևում վերաքննիչ դատարանի նիստի նշանակումը, մենք արդեն բողոքում էինք, մենք արդեն դա համարում էինք անընդունելի»։
 
Ինչ վերաբերում է քննիչի պնդումներին, ապա Նալբանդյանի փաստաբանը դա համարում է քաղաքական կամքի դրսևորում։ «Մենք տեսանք, որ վարույթ իրականացնող մարմինների վարքագիծը փոխվեց Նիկոլ Փաշինյանի կողմից այդ հայտնի հայտարարություններից հետո, երբ մի վայրկյանում հերոս գերիները վերածվեցին ազգի թշնամի գերիների՝ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն։ Դա պայմանավորում եմ նրանով, որ գերիների կալանքը փաստացի կիրառվում է ոչ թե որպես խափանման միջոց, այլ որպես պատիժ», - եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։