Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Աշոտ Մինասյան

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը, ինչպես նաև՝ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ սահմանված կարգով և ժամկետներում այն կքննարկվի և արդյունքների մասին կտեղեկացվի պաշտպանին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող Փաշինյանի ենթադրյալ սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման, ինչպես նաև զենք-զինամթերք պահելու վերաբերյալ քրեական գործը կարճվել է՝ հարուցումից ավելի քան մեկ տարի անց։ Քրեական գործը հարուցվել էր Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, ինչին հաջորդում էին աղմկահարույց ձերբակալություններ։ Հենց այդ օրերին՝ 2020թ նոյեմբերի 15-ին, ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին, Սիսական ջոկատիր լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթի», դաշնակցական Աշոտ Ավագյանին ձերբակալման մասին։ Դատարանների որոշմամբ՝ վերջիններիս ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։

Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և Աշոտ Ավագյանի նկատմամբ ՝ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այլ խոսքով՝ վերջիններս այժմ ունեն արդարացվածի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի դրվագին, ապա այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել։

Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նաև այդ դրվագով դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է միջնորդությունը։ Պաշտպանը երեկ նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ներկայացնելով, թե ինչու պետք է Մինասյանի նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը։ Ի լրումն սույն բողոքի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն, մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազն իրավունք ունի վերացնել կամ փոխել խափանման միջոցը, պաշտպանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է նաև Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն։

«Միջնորդությամբ հանգամանալից ներկայացվել են Աշոտ Մինասյանի անձը բնութագրող, անձնական, առողջական տվյալները, վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցի ենթադրյալ հիմքերի վերանալու մասին տվյալները և խնդրել եմ քրեական գործի ցանկացած հեռանկարի պայմաններում /գործն ըստ էության դատարան ուղարկելու կամ լրացուցիչ քննության վերադարձնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու/ վերացնել և փոփոխել առաջին անգամ և միմիայն մեկ միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող 62 ամյա անձի նկատմամբ կիրառված ամենախիստ խափանման միջոցը՝ կալանավորումը, ընդ որում ընդգծելով, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը չվերացնելու դեպքում կարող է կիրառվել ազատության սահմանափակման հետ չկապված ցանկացած խափանման միջոց, այդ թվում դեռևս 13.12.2021թ-ին ՀՀ գլխավոր դատախազին դիմած պատվարժան անձանց՝ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի, Գրիգորի Խաչատուրովի և Հրանտ Թոխատյանի անձնական երաշխավորությունները»,- նշել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ սույն միջնորդությունները վերաբերում են անձի՝ ազատության իրավունքին, հետևաբար, այն պետք է անհապաղ քննության առարկա դարձվի։ Փաստաբան Միհրան Պողոսյանը ևս հույս է հայտնել, որ Աշոտ Մինասյանն այսօր կամ վաղն արդեն ազատ կարձակվի։

--00--ԱԹ