Կալանավորը կաշառել է «Հրազդան» ՔԿՀ-ի պաշտոնյային․ քրգործի նախաքննություն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 3,  24 News

հրազդան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կալանավորված անձի կողմից ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց 2020-2021 թվականների ընթացքում պարբերաբար տարբեր չափերի կաշառք տալու դեպքեր:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Հմայակ Թադևոսյանը մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն հիմնարկում ծառայություն իրականացնող՝ անվտանգության ապահովման բաժնի մասնագետներ Սաֆար Սաֆարյանի և Սարո Մաթևոսյանի հետ:

Այնուհետև, իր նկատմամբ վերջիններիս հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու, ինչպես նաև իր մոտ պահվող, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը հայտնաբերելուն և վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար Հմայակ Թադևոսյանն «Իդրամ» վճարահաշվարկային կազմակերպության միջոցով Սաֆար Սաֆարյանի հաշվին 2020 թվականի նոյեմբերից 2021 թվականի հունվար, իսկ Սարո Մաթևոսյանի հաշվին` 2020 թվականի հոկտեմբերից 2021 թվականի մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տարբեր չափերի գումարներ է փոխանցել որպես կաշառք:

Կալանավորից զգալի չափերով կաշառք ստանալու համար Սաֆար Սաֆարյանին և Սարո Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար):

Հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար Հմայակ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) ( Պաշտոնատար անձին կաշառք տալը):

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին, որի կողմից այն հաստատվել և ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՄՀ