Հայ խաղաղապահներին երեք ռուսական Իլ-76 ինքնաթիռներով տեղափոխել են Ղազախստան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 7,  24 News

ԻԼ -76

ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբում ընդգրկված Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին Ղազախստան են տեղափոխում ռուսական Իլ-76 ինքնաթիռներով. արդեն երեք ինքնաթիռ մեկնել է «Զվարթնոց» օդանավակայանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76  ինքնաթիռներով իրականացվում է Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն:  «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստանի Հանրապետություն է մեկնել երեք Իլ-76 ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող:

Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:

--00—ՄՀ