Իշխանության «մտքի գիգանտների» զարմանահրաշ զեղումները. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 15,  24 News

միտք

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Հայաստանի առաջ անվտանգային, տնտեսական, սոցիալական ու արտաքին բազմաթիվ հրատապ մարտահրավերներ են ծառացած։ Սակայն ամեն անգամ արտահերթ նշանակություն ունեցող խնդիրներն անտեսվում են, որոնց փոխարեն իշխող ուժի ներկայացուցիչները առաջ են բերում անկարևոր, երևակայական և նույնիսկ իրականությունից շատ հեռու թեմաներ ու փորձում դրանցով լցնել «օրակարգը»։ Ընդ որում, դա անում են գրեթե ամենօրյա ռեժիմով: Ամենաթարմերից, թերևս, այս շարքում պետք է դիտարկել Փաշինյանի այն հայտարարությունը, թե պատշաճ մակարդակի ինտերնետի բացակայության արդյունքում մարզերից հազարավոր մարդիկ տեղափոխվում են Երևան, իսկ եթե ինտերնետի հասանելիությունն ապահովվի, ապա հնարավորություններ են ստեղծվելու, որ մարզերում նույնպես բարձր վճարվող աշխատանքի առաջարկ ձևավորվի։

Այս հայտարարությունը խորքային իմաստով ավելի շատ մարզերի բնակիչների ու ընդհանրապես մեր քաղաքացիների հասցեին ուղղված ծաղր է հիշեցնում: Այսինքն, գլխավոր «մտքի գիգանտի» կարծիքով, մարզերում ամեն ինչ հիասքանչ է, միայն ոչ բավարար ինտերնետ հասանելիությունն է խանգարում ու նպաստում մարզերից տեղափոխմանը։ Իրականում մարզային բնակավայրերը դատարկվում են առաջին հերթին անվտանգության երաշխիքների ու աշխատանքի, կյանքի համապատասխան պայմանների բացակայության արդյունքում, այլ ոչ թե ինտերնետի հասանելիության։ Ինտերնետն, իհարկե, լավ բան է, անհրաժեշտ բան է մեր ժամանակներում:

Բայց գնացեք մարզեր ու զրուցեք մարդկանց հետ ու կհասկանաք, որ ավելի նախընտրելի կլինի, որ բազմաթիվ համայնքներում ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներ լինեն, քան թե դրանցում ապրող բնակիչները սեփական երկրում կորցնեն ապագային նկատմամբ հույսերը՝ իրենց չզգալով պաշտպանված ու ապահով։ Օրինակ՝ սահմանամերձ դարձած գոտում, մասնավորապես Սյունիքում, Տավուշում կամ Գեղարքունիքում ապրող մարդու համար այսօր անվտանգության ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդը նորանոր սադրանքների չի դիմի, գերիներ չի վերցնի, քաղաքացիների գույքը կամ անասուններին չի վնասի և այդպես շարունակ։ Իսկ Ադրբեջանին պետք է, որ սահմանամերձ շրջանների բնակչության շրջանում վախի մթնոլորտ առաջանա, որպեսզի մարդիկ քիչ-քիչ հուսալքվեն ու հեռանան։

Վերջերս ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգել էր, որ ադրբեջանական զինված ուժերի տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը։ Իշխանությունները թող այս հարցով զբաղվեն, որ, օրինակ՝ Որոտանից մարդիկ չհեռանան, այլ ոչ թե անբովանդակ հայտարարություններով հանդես գան։ Հետո Փաշինյանը «միամտորեն» կարծում է, թե մարզերում հնարավոր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնել, երբ ի վիճակի չէ պաշտպանել սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց ամենատարրական իրավունքները։ Դե, ինչպիսին Փաշինյանը, այնպիսին էլ իր թիմակիցները, որոշ դեպքերում՝ գուցե ավելի վատ, քանզի Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ճանապարհին «հովիկաղազարյանությունն» ուղղակի թափվում է բոլորի վրայից: Այս առումով, իշխանավորները, կարծես, մրցակցության մեջ լինեն:

Առայժմ, ինչպես երևում է, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բոլորին «կրում» է: Ամենավերջին «գլուխգործոցն» այն էր, որ հունվարի 3-ին խցանում է եղել փողոցներում, ու դա արդեն իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշ է: Դե, հասկանալի է, մարդը պետք է ինչ-որ տվյալ ներկայացնի՝ արդարացնելու Ամանորի և Սուրբ Ծնունդի հանգստյան օրերը կրճատելու իշխանական որոշումը։ Բայց քանի որ ոչ մի փաստարկ, ոչ մի ապացուցողական բազա չկա, որ այդ անիմաստ որոշումը ճիշտ էր, ստիպված մի բան պետք է հնարել օդից: Դե ինչ, եկեք շնորհավորենք Նիկոլ Փաշինյանին ու Վահան Քերոբյանին. ըստ նրանց տրամաբանության, ամեն օր առավոտյան և երեկոյան պիկ ժամերին Երևանում տնտեսական ակտիվությունը հասնում է իր պիկին։ Պարզապես թռիչքաձև զարգացում... Միայն թե անհասկանալի է, թե ինչու են մեր ապերախտ «արժանապատիվները» դժգոհում նման ակտիվությունից: Հաջորդը, երևի թե, առողջապահության նախարարն է:

Օրինակ՝ երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր` աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին, նախարար Անահիտ Ավանեսյանը իր որոշումն արդարացնելու ու պետության պարտականությունը ժխտելու բուռն ցանկությամբ նշում է, թե այդ դեպքում քաղաքացու փոխարեն նրա բարեկամը կարող է վճարել թեստի համար։ Դե, ՔՊ-ական «մտքի գիգանտների» զարմանահրաշ զեղումները այս ամենով չեն ավարտվում։ Դրանք այնքան շատ են ու իմաստազուրկ, որ, ինչպես ասում են, հետևներից չենք հասցնում։

Այստեղ մի քանի տարբերակ կա: Կա՛մ գործող իշխանություններն այնքան են իրականությունից կտրվել, այնպես են գլուխներն ամպերում թաքցրել, որ ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրում, կա՛մ բացարձակ անմեղսունակ են, կա՛մ դիտավորյալ են անհեթեթություններով լցնում հանրային օրակարգը, որ իրենց ծաղրել տան, անլրջացնեն ստեղծված ծայրահեղ իրավիճակը ու շարունակեն անխափան իրենց «սև գործը»։ Սակայն այս տարբերակներից որն էլ լինի, միևնույնն է, խայտառակություն է մեր պետության համար։ Ու շատ ցավալի է, որ դեռ մարդիկ կան, ովքեր հույսեր են կապում սրանց հետ...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

  --00—ՄՀ