ՀՀ-ն կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, որոնք նախկին 4 ղեկավարներին հաջողվում էր կասեցնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

56

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններն առանց նախապայմանների չեն ընթանում։

Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարաբերությունների կարգավորման բանագնացներ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի դիվանագետ Սերդար Քըլըչի միջև Մոսկվայում հանդիպման թեմային։

Մամիջանյանը նախ նշեց, որ հանդիպման վերաբերյալ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մամուլի հաղորդագրությունները նույնաբովանդակ չէին, քանի որ հայկական կողմի նախնական տեքստում բացակայում էր «պոզիտիվ» բառը։ Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ի երեկվա տեքստում ավելացվել է բառը. «Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ»։

«Երկրորդ, բանակցությունները հիմա էլ առանց նախապայմանների չեն ընթանում, որովհետեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս խոսել է նրա մասին, որ միջանցքային տրամաբանությունը [Հայաստանի կողմից Մեղրիով միջանցքի տրամադրումը] իրենց համար առաջնահերթություն է և կարևոր նախապայման, ինչին Հայաստանից պատասխանել է միայն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ասելով, որ «մենք պետք է նստենք սեղանի շուրջ հասկանալու համար՝ մեզ համար միջանցքն ինչ է, իրենց համար միջանցք ինչ է», այլ կերպ ասած՝ ցնդաբանությամբ», - շարունակեց պատգամավորը։

«Հաջորդը, Հայաստանը, ցավոք սրտի, փաստացի կատարել է Թուրքիայի՝ տասնամյակներ շարունակ հայտարարվող նախապայմանները։ Հայաստանը ինստիտուցիոնալ, պետական մակարդակով հետամուտ չի լինում ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Դա տեսանելի էր թե՛ վերջին 3 տարիների ընթացքում, թե՛ առնվազն դեկտեմբերի 9-ին ցեղասպանությունների կանխարգելման հետ կապված ԱԳՆ հայտարարության պաշտոնանակ տեքստից, որտեղ բացակայում է պահանջատիրական որևէ ակնարկ, անգամ «Թուրքիա» բառը չկա։ Նաև այն փաստից, և սա խորը ցավով եմ արտաբերում, որ այս թվականից մարտին և ամենաուշը հունիս-հուլիս ամիսներին Հայաստանից վերջին ժամկետային զինծառայողը կլքի Արցախը։ Դե թող հիմա ինչ-որ մեկը փորձի համոզել, որ այս իրողությունները կարելի է ներկայացնել որպես առանց նախապայմանների բանակցություն։ «Առանց նախապայմանների են», որովհետեւ Հայաստանը կատարել է բոլոր նախապայմանները, որոնք Հայաստանի բոլոր նախկին 3 ղեկավարներին հաջողվում էր կասեցնել», - ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ) և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարությունը ողջունել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները։

Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պաշտոնական 4 փորձ է եղել։

«Փաստացի բոլորի ընթացքում միջազգային հանրությունը դրանց կողմ է եղել։ Յուրաքանչյուրի ժամանակ ավելի նախաձեռնողական մոտեցում ցուցաբերել է ուժային կենտրոններից որևէ մեկը, բայց նախնական, որպես կանոն, դա կոնսենսուսային խնդիր է եղել։ Ամեն դեպքում ես պարտավոր եմ նշել, որ կան փորձագետներ, քաղաքագետներ, միջազգային հարաբերությունների փորձագետներ, որոնք նշում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և հետագա հավանական մերձեցումը, որն այս իշխանությունների դեպքում բացառված չէ, փորձ է, այդ թվում՝ այս տարբերակով, Հայաստանը հեռացնելու Ռուսաստանից։ Բայց ինչպես նշեցի, նորից ասեմ, որ սա ընդամենը փորձագիտական կարծիք է», - եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել էին Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով», - ասված էր երկու երկրների ԱԳՆ մամուլի հաղորդագրությունների վերջնական տարբերակներում։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ