Տավուշի սահմաններին թշնամու տեղաշարժ չի նկատվել. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Հասարակական

Տավուշի սահմաններին թշնամու տեղաշարժ, ադրբեջանական զինուժի կողմից ինժեներական աշխատանքներ չեն նկատվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

«Չկա նման ոչ մի բան, համենայնդեպս իմ տեղեկատվությամբ, մնացածը կարող եք ճշտել պաշտպանության նախարարությունից», - ասաց Տավուշի մարզպետն ի պատասխան 24News-ի դիտարկմանը։

Ավելի վաղ բլոգեր Միկա Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապատրաստում Տավուշում։ «Ադրբեջանական ԶՈւ-ն իր ամենաբարձրակարգ դիպուկահարներին տեղակայել է մոտակա 15 դիրքերում՝ սադրանքներ իրականացնելու համար», - նշել էր բլոգերը։ Ըստ նրա՝ չնայած այս օպերացիայի գաղտնիությանը, հայկական հետախուզությանը հաջողվել է տեղեկատվություն ստանալ նախապատրաստվող սադրանքների մասին և այդ մասին նախազգուշացնել տեղի անձնակազմին։

Հունվարի 11-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակել էին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Նորաբակ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այդ օրը, ըստ Հայկ Ղալումյանի, Տավուշի սահմաններին ոչինչ չի կատարվել։

Նշենք, որ բլոգեր Միկա Բադալյանն իր տելեգրամյան ալիքում բավականին օպերատիվ տվյալներ էր հայտնում հունվարի 11-ին ադրբեջանական սադրանքների մասին։

Տավուշի թեմայով փորձեցինք տեղեկություններ ճշտել նաև պաշտպանության նախարարությունից, սակայն ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանին ուղղված զանգերը մնացին անպատասխան։