Ռուբինյանը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

․

Հաջորդ հանդիպմանը Երևանն արդեն ակնկալում է առարկայական բանակցություններ Անկարայի հետ, եթե այդ օրակարգը բավարար առարկայական լինի և բավարար լուրջ լինի, կարելի է մտածել տարբեր հանդիպման վայրերի մասին կամ տարբեր ֆորմատների մասին, բայց ես վաղաժամ եմ համարում այդ հարցում ասել ավելին։ Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Հունվարի 14-ին Մոսկվայում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ առաջին հանդիպմանը, ըստ Ռուբինյանի, քննարկվել են գործընթացի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ, հիմա Երևանը շատ հետաքրքրված է բովանդակային բանակցություններով։

«Ոչ բովանդակային բանակցությունները ուղղակի կարող են իմիտացիոն տպավորություն ստեղծել, մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ։ Իսկ իրական խնդիրը սահմանի բացումն է առաջին հերթին։ Երկրորդ հերթին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը լինի բովանդակային, և ակնկալու ենք, որ թուրքական կողմը նույնպիսի մոտեցում կցուցաբերի»,- ասել է Ռուբինյանը։

Առաջին հանդիպմանը հնարավոր միջանցքի մասին խոսակցություն, ՀՀ հատուկ ներկայացուցչի վստահեցմամբ, չի եղել, թեև մինչև ներկայացուցիչ նշանակելը Թուրքիայի իշխանությունները՝ այդ թվում և Էրդողանի մակարդակով, խոսել են Ադրբեջանին դեպի Նախիջևան Սյունիքով միջանցք տրամադրելու մասին։

«Ոչ, չի խոսվել և չէր էլ կարող խոսվել։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը բազմիցս աներկբայորեն, հստակ իր դիրքորոշումն արտահայտել է, որ այո, մենք կողմ ենք և ուզում ենք, որպեսզի տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաներն ապաշրջափակվեն, բայց այն միջանցքային տրամաբանությունը, որը փորձ է արվում առաջ քաշել, մեզ համար անընդունելի է»,- նշել է Ռուբինյանը։

Հայ-թուրքական բանակցությունների օրակարգի հարց, Հայաստանի ներկայացուցչի հավաստմամբ, չի կարող դառնալ նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ թեև Թուրքիան և Ադրբեջանը այստեղ ևս միակարծիք ենք՝ միմյանց անվանելով եղբայրական պետություններ. - «Ամեն դեպքում, եթե մենք ուզում ենք, որ գործընթացը հաջողի (մենք ասելով նկատի ունեմ այն պետություններին, որոնք հետաքրքրված են մեր տարածաշրջանում), անհրաժեշտ է, որպեսզի բոլոր այդ պետությունները մաքսիմալ կառուցողական լինեն իրենց դիրքորոշումներում և չպայմանավորեն մեկ պետության հետ հարաբերությունները երրորդ պետության հետ հարաբերություններով։ Այսինքն՝ փորձել գործընթացը տանել համագործակցային տրամաբանությամբ, և ոչ դա բացառող տրամաբանությամբ»։

Հարցին, թե քանի դեռ կա Արցախի կարգվիճակի հարցը, ինչում Անկարան աջակցում է Բաքվին, այդ նախապայմանը արդյո՞ք չի կարող ինչ-որ պահի դարձյալ մտնել օրակարգ, Ռուբինյանն արձագանքել է․ «Արցախի կարգավիճակի հարցը թեմա է, որի քննման վայրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»։

Ինչ վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Անկարայից պարբերաբար հնչող կոչերին, որպես հարաբերությունների կարգավորման հիմք, Ռուբեն Ռուբինյանն ուղիղ չի պատասխանել. «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարդիկ, այսինքն՝ նախկին իշխանությունները, ներկա իշխանությունները երբևիցե որևէ տեղ Թուրքիայի տարածքային պահանջներ ներկայացրե՞լ են, թե՞ ոչ։ Պատասխանն է՝ ոչ։ Հետևաբար այդպիսի հարց չկա ուղղակի»։

Ճշտող հարցին՝ կա՞ օրակարգում պատրաստակամության առնվազն ճանաչել ներկայիս Թուրքիայի սահմանները՝ փոխադարձության սկզբունքով, Ռուբինյանը արձագանգքել է.

«Ես կրկնում եմ հարցս՝ ինչ-որ մեկը կարող է պնդել, որ այդ սահմանները ճանաչված չե՞ն եղել։ Որտեղի՞ց է ծնվում այդ պնդումը»։

--00--ԱՀ