ԵՊՀ ռեկտորը ցանկացել է իր աշխատավարձը դարձնել 1 մլն 200 հազար դրամ. խորհուրդը դեմ է եղել 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որն այդ պաշտոնին ընտրվել էր անցած տարի դեկտեմբերին տեղի ունեցած առանց մրցակից ընտրությունների ժամանակ, երեքշաբթի տեղի ԵՊՀ խորհրդի փակ նիստին առաջարկել է բարձրացնել իր աշխատավարձը՝ այն դարձնելով 800 հազար դրամից 1 մլն 200 հազար դրամ։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։

Այսպես, նախկին «իմքայլական» պատգամավոր Հովհաննիսյանին չի բավարարել այն աշխատավարձը, որը ստացել էին իր նախկին գործընկերներ Գեղամ Գևորգյանը և Արամ Սիմոնյանը, ուստի նա ԵՊՀ խորհրդին, որի նախագահն, ի դեպ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, առաջարկել է այն բարձրացնել։ Բացի սեփական անձից, ԵՊՀ ռեկտորը նաև առաջարկել է, որպեսզի բարձրացվեն պրոռեկտորների և որոշ վարչության պետերի աշխատավարձեր։ Ընդ որում, եթե պրոռեկտորների համար Հովհաննիսյանը ցանկացել է 1 մլն դրամի հասնող աշխատավարձ, ապա իր կողմից նշանակված որոշ վարչության պետերի համար՝ մոտ 800 հազար դրամ։ 

Հետաքրքրական է, որ ԵՊՀ խորհուրդը մերժել է Հովհաննիսյանի առաջարկն ու կոչ արել բավարարվել եղած աշխատավարձով։ 
ԵՊՀ խորհրդի փակ նիստից հետո մեր լրագրողը ցանկացել է Հովհաննիսյանին հարցեր ուղղել այս կապակցությամբ, սակայն վերջինս, մինչև մեքենա ուղեկցելով պաշտպանության նախարար Պապիկյանին, հանկարծակի հետ է դարձել ու անհետացել լրագրողների տեսադաշտից՝ այս կերպ խուսափելով անցանկալի հարցերից։

--00—ՄՀ