Հայտնաբերվել է «Հայփոստի» հղի աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձը. նա կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

․

Հունվարի 10-ին, ժամը 16-ի սահմաններում, մի տղամարդ մտել էր մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի «Հայփոստի» բաժանմունք և հայտնել, որ իր անունով արտասահմանից ուղարկված ծանրոցը ցանկանում է ստանալ։

«Հայփոստի» աշխատակցուհին ստուգելուց հետո հայտնել էր, որ նրա անունով ծանրոց չկա, ինչից հետո տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել էր հայհոյանքներ, հարվածներ հասցրել «Հայփոստի» հղի աշխատակցուհուն և կոտրել բաժանմունքի գույքը։

Ներկաներից մեկն ահազանգել էր ոստիկանություն։ Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին կատարվածի հանգամանքները։

Խուլիգանության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ կերպով ճշտեցին տղամարդու ինքնությունն ու ձեռնարկեցին որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հունվարի 14-ին Մարաշի ոստիկանները 39-ամյա տղամարդուն հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ձերբակալվեց, ապա կալանավորվեց։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱՀ