Ոստիկանները ձերբակալել են ընկերության դրամարկղից 13 միլիոն դրամ հափշտակած անձանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ոստիկանություն

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները Շահամիրյանների փողոցում հայտնաբերել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 2021-ի դեկտեմբերին ընկերության դրամարկղից 13 միլիոն դրամ հափշտակած անձանց։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«2021 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ 1-02 զանգած տղամարդը հայտնել է, որ ՍՊ ընկերություններից մեկի դրամարկղից գումար են գողացել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք բժշկական դիմակով մուտք էին գործել ՍՊԸ գանձապահի աշխատասենյակ և բացահայտ հափշտակել մոտ 13 միլիոն դրամ:
Փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է ավազակային հարձակումը կատարած անձանց ինքնությունը: Երևանի բնակիչներ, 30 և 34 տարեկան երկու տղամարդիկ հունվարի 18-ին Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից Շահամիրյանների փողոցում հայտնաբերվել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք և
ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱՀ