ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ԵՊՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Հասարակական

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:

Հ. Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, նշեց, որ ԵՊՀ-ն սերտորեն համագործակցում է Ռուսաստանի տարբեր բուհերի, ինստիտուտների և հետազոտական կենտրոնների հետ: Նա ասաց, որ ռուսագիտության զարգացումը մեծապես կարևորվում է ԵՊՀ-ում, ինչի վկայությունն են համալսարանում գործող Ռուս բանասիրության ֆակուլտետը, Ռուսական կենտրոնը, Ռուսական հետազոտությունների նորաստեղծ կենտրոնը, ինչպես նաև դրան ուղղված տարբեր միջոցառումները:

ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց, որ դեսպանության աջակցությամբ համագործակցության նոր հաջողություններ են գրանցվելու տարբեր ուղղություններով, հաստատվեն նոր կապեր, ինչպես նաև կյանքի կոչվեն տարբեր ծրագրեր:  

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով Հ. Հովհաննիսյանին համալսարանի կառավարումը ստանձնելու կապակցությամբ, ընդգծեց, որ իրենց համար ևս ԵՊՀ-ի հետ համագործակցությունն առաջնահերթություն է, քանի որ այն Հայաստանի առաջատար բուհն է և հետազոտական գլխավոր կենտրոններից մեկը:

Դեսպանը կարևորեց համատեղ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն կընձեռեն սերտացնելու փոխադարձ շփումները, ձևավորելու երկխոսություն մասնագետների միջև և առավել ամրապնդելու փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում Ա. Մարգարովը մանրամասն ներկայացրեց ԵՊՀ-ի և Ռուսաստանի տարբեր համալսարանների ու կենտրոնների միջև առկա համագործակցությունը, դրա շրջանակում իրականացվող ծրագրերը և առաջիկա անելիքները:

Պ. Բալայանն էլ անդրադարձավ ֆակուլտետի գործունեությանը, իրականացրած գիտական ու կրթական միջոցառումներին, առկա խնդիրներին ու նոր գաղափարներին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին կոնկրետ ծրագրեր և միջոցառումներ, որոնք դրական նոր զարգացումներ կհաղորդեն կրթական ու գիտական կառույցների հետ համագործակցությանը՝ նպաստելով վերջինիս ամրապնդմանը:

Տեսանյութեր