Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 21,  24 News

գյումրի

Գյումրիում, հունվարի 20-ի երեկոյան տարածված գազի հոտը Շիրակի Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից փորձարկման աշխատանքներում օդորանտի (անուշահոտ, բուրավետ բաղադրիչ.-խմբ) սահմանված չափաբաժնից ավելի ներարկման արդյունք է: Պատասխանատուների վստահեցմամբ՝ ընդամենը հոտ է  ոչ գազի արտահոսք:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

Գյումրիում և մասամբ Ախուրյանում տարածված գազի հոտը անհանգստություն էր պատճառել քաղաքացիների շրջանում: Ավելի ուշ նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, սոցիալական ցանցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հորդորել է ընկերությանը հետայսու բնակչությանը տեղեկացնել նմանատիպ միջոցառումների մասին:

«Ցանկացած պարագայում նման փորձարկումների մասին պետք է նախապես ծանուցել բնակչությանը, ինչը պատշաճ ձևով չի իրականացվել: Շիրակ ԳԳՄ-ի ղեկավարությանը հորդորել եմ հետայսու ցանկացած աշխատանքի իրականացման պարագայում տեղեկացնել Շիրակի մարզպետարանին և հետևողական լինել իրենց գործում»,- նշված է հայտարարության մեջ:

--00—ՄՀ