«Ռոստելեկոմ»-ի գնման գործարքը նախատեսվում է ավարտել մինչև մարտի վերջ․ արժեքը 25 միլիոն դոլար է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Հասարակական

Հունվարի 19-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում էր հրապարակել, համաձայն որի՝ թույլատրել էր Հայաստանում գործող «ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության (ապրանքանիշ՝ «Ռոստելեկոմ», «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) 100 տոկոս բաժնետոմսերի վաճառքը։

Գնորդներն են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (սեփականատեր՝ «Տաշիր» ընկերությունների խումբ) և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արման Հունանյանը, որոնք Կիպրոսի Հանրապետությունում նոր հիմնված «Մոլիտրո Հոլդինգս Լիմիթեդ» (Molitro Holdings Limited) ընկերության միջոցով են ձեռք բերում «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը Կիպրոսում հիմնված միակ բաժնետեր «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» (Filor Ventures Limited) ընկերությունից։ ՀԷՑ-ի բաժնետերը 2015 թվականից ռուսաստանաբնակ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը։

24News-ի հետ զրույցում ՀԾԿՀ Ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանն ասաց, որ «ՋիԷնՍի-Ալֆա»-ն իր տրամադրած փաստաթղթերի մեջ զուտ բիզնեսի արժեքը գնահատվել է 25 միլիոն դոլար։ 

Անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Միխայիլ Օսեևսկին լրագրողներին ասել էր, որ «Ռոստելեկոմ»-ն իր դուստր ձեռնարկության՝ «ՋիԷնՍի-Ալֆա»-ի նախնական վաճառքի գինը նշել է 25 մլն դոլար։ Ռուսաստանյան «Ռոստելեկոմ» բաց բաժնետիրական ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Պոլյակովը 24News-ին հայտնեց, որ վաճառքի գործընթացը դեռևս շարունակվում է, գործարքի արժեքը 25 միլիոն դոլար է։ Ըստ նրա՝ «Ռոստելեկոմը» նախատեսում է մինչև տարվա առաջին եռամսյակի վերջն ավարտել ընկերության վաճառքի գործարքը։ 

Համաձայն ՀԾԿՀ-ի որոշման՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չեն առարկել գործարքի դեմ։

Molitro Holdings Limited-ի բաժնետոմսերի 60%-ը պատկանում է Արման Հունանյանին, իսկ 40%-ը՝ ՀԷՑ-ին։ Առաջիկա 5 տարիներին ընկերությունը մտադիր է մոտ 5 մլն դոլար ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, տարեկան ևս 3-3,5 մլն դոլար կուղղվի «ՋիԷնՍի Ալֆա»-ի, ինտերնետի, IP-հեռուստատեսության և հեռախոսային կապերի առկա ենթակառուցվածքների վերազինմանը։

--00--ԿԿ