«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը տեղյակ չեն Բաքվին ներկայացված առաջարկների փաթեթի մանրամասներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Քաղաքական

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ծանոթ չեն Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթի մանրամասներից։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից։

Հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին։ Երեկ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին ասել էր, որ առաջարկներն ընդհանուր առմամբ վերաբերում են հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, նաև սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները։ «Նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց անցկացնել», - նշել էր նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանն ասաց, որ ոչ միայն իրենց խմբակցությունը ծանոթ չէ, այլ նաև հանձնաժողովը։ «Մեզ հանձնաժողովին չեն ներկայացրել այդ փաթեթը, չեն ծանոթացրել, առավելևս՝ խմբակցությանը», - նշեց պատգամավորը։

Հարցին՝ ի՞նչ կարող է ենթադրել Արմեն Գրիգորյանի կողմից նշված «հայելային տարբերակով զորքերի հետքաշումը», Նազարյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, որովհետև ոչ մի բանի ծանոթ չեմ, ենթադրոթյունների մակարդակով չեմ ուզում խոսել»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը 24News-ին ասաց, որ ծանոթ չէ փաթեթին։ «Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ խորհրդարանական խմբակցությունը ներկայացնող, կարող են ծանոթ լինել, բայց ես ծանոթ չեմ։ Թեմային ծանոթ եմ, առաջարկների փաթեթին ծանոթ չեմ»։ 

Ըստ նրա՝ ճիշտ կլիներ, որ փաթեթը գոնե Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացվեր ընդհանուր գծերով, նոր դրա մասին հայտարարվեր Ռուսաստանի արտգործնախարարության կողմից։ «Բայց մեր երկրում, եթե նկատել եք, նախադեպ է ձևավորվել, երբ որ Հայաստանը մտնում է որևէ գործընթացի մեջ, մենք այդ մասին իմանում ենք այլ երկրների ներկայացուցիչներից կամ կառույցներից», - եզրափակեց պատգամավորը։

--00--ԿԿ

Տեսանյութեր