Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 22,  24 News

դպրոց

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեկտեմբերի վերջին և այս տարվա սկզբից ի վեր, ինչպես գրեթե միշտ, նկատվում է վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունների աճ: Ի դեպ, խոսակցություններ կային, որ դպրոցական ձմեռային արձակուրդները գուցե երկարաձգվեն, սակայն դասերն սկսվեցին հունվարի 10-ին, ինչպես և նախատեսված էին: Վերջին շրջանում գնալով ավելի հաճախ են դառնում խոսակցությունները, որ գուցե նպատակահարմար է արձակուրդների «տեղաշարժ» կատարել, մասնավորաբար դասապրոցեսը կազմակերպել հունիսին և ամառային արձակուրդը դարձնել երկու ամիս, փոխարենը մեկ ամիս հանգստանալու հնարավորություն տալ հունվարին:

Թեմայի հետ կապված «Փաստը» պատրաստվում է ներկայացնել տարբեր ոլորտների մասնագետների տեսակետը: Առողջապահական տեսանկյունից հարցը քննարկել ենք թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ Լամարա Մանուկյանի հետ: Տիկին Մանուկյանը համաձայն չէ նման առաջարկին:

«Վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունները հակված են շատանալու աշնանը և գարնանը: Հունվարին շնչառական վիրուսների տարածումը կապված է տոնական օրերի հետ: Մարդիկ սկսում են իրար տուն այցելել: Եթե ուսումնական գործընթացը հունվարից տեղափոխենք հունիս ամիս, դրանով ոչինչ չի փոխվելու: Վերին շնչառական վարակների դեպքում հունվար և դեկտեմբեր ամիսներին պիկ չէ: Այնպես որ, հակված չեմ այն մտքին, որ եթե դպրոցականներն ու ուսանողները հունվարին մնան տանը, և դասապրոցեսը փետրվարից սկսվի, դրանով կնվազեցնենք գրիպի տարածումը: Եթե անընդհատ ինչ-որ սահմանափակումներ մտցնենք, կաթվածահար կանենք դասապրոցեսը, իսկ դա անդրադառնում է երեխաների վրա:

Իմ կարծիքով, ուսումնական տարվա ընթացքում մեկ ամիս դադարը շատ է, բացի դա, կրկնեմ, շնչառական վարակների համար դրանք տիպիկ ամիսներ չեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց տիկին Մանուկյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

 --00—ՄՀ

Տեսանյութեր