Մարմարաշեն գյուղը զրկված չէ տրանսպորտից. ՏԿԵ նախարարություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 23,  24 News  

մարմարաշեն

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղն ամբողջովին զրկված չէ երթուղուց, «Արտաշատ-Երևան» երթուղու հաճախականությունը մեծ է, անցնում է հենց գյուղով։ Այս մասին 24News-ին հայտնեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ցերեկվանից Մարմարաշեն գյուղի բնակիչներն ի նշան բողոքի ճանապարհ են փակել՝ պահանջելով ՏԿԵ նախարարի և Արարատի մարզպետի հետ հանդիպում։ Shamshyan.com-ը գրել էր, որ գյուղացիները պահանջում են գյուղի տրանսպորտի խնդրի լուծում։

ՏԿԵ նախարարության պաշտոնյան հայտնեց, որ նախկինում գյուղի սպասարկող 44 համարի երթուղու շարժակազմի տարիքը լրացել է, չի համապատասխանում օրենսդրությանը, ուստի չի երկարաձգվել երթուղու գործունեությունը, անվտանգության խնդիր կա։

Նախարարությունից հայտնեցին, որ նախկինում  44 համարի երթուղին հասել է մինչև Երևանի կենտրոն։ «Այժմ Երևանում երթուղին առանձին է գործում, մարզերում՝ առանձին։ Երբ որ ներդրվի երթուղու միասնական համակարգը, այդ ժամանակ մարզի բնակչությանը սպասարկելու է մարզի միասնական օպերատորը։ Գյուղի բնակիչները 44 համարով գնացել են 100 դրամով Երեւանի կենտրոն, իսկ մարզի տրանսպորտով գնալու են ավտոկայան»։ 

ՏԿԵ պաշտոնյան դժվարացավ նշել, թե երբ պատրաստ կլինի 44 համարի երթուղու նոր շարժակազմը, ու հավելեց, որ այս երթուղին Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո է գործում։ Երևանի քաղաքապետարանից այս հարցով պարզաբանում չհաջողվեց ստանալ։

  --00—ՄՀ

Տեսանյութեր