Հունվարից ո՞վ իրավունք կունենա և ո՞ւմ չի թույլատրվի մուտք գործել ԲԴԽ դատական նիստերի դահլիճ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նկար

Տեղեկացնում ենք, որ տարեսկզբին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողության շրջանակներում ԲԴԽ կատարած այցի ընթացքում արձանագրվել են որոշակի թերություններ և տեսչական մարմնի կողմից Խորհրդին առաջարկվել է խստագույնս պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 3-րդ հավելվածով սահմանված պահանջները. փակ տարածքներում՝ նիստերի դահլիճներում, սպասասրահում և միջանցքներում այցելուների կողմից դիմակների կրումը պարտադիր է, փակ տարածքներում՝ նիստերի դահլիճներում, սպասասրահում և միջանցքներում ապահովել քաղաքացիների միջև սոցիալական 1.5 մետր հեռավորությունը: Այդ մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջից։

Ելնելով դրանից՝ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում որոշակի փոփոխություն է կատարվել, որը միտված է բարձրացնելու հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված քայլերի արդյունավետությունը:

Տեղեկացնում ենք, որ հունվար ամսից սկսած ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով:

Նիստերի լուսաբանման ձևաչափի հետ կապված սահմանափակումներ չկան:

Տեղեկացնում ենք նաև, որ կարգապահական վարույթների քննությամբ հետաքրքրվող անձանց համար ԲԴԽ-ում առանձնացվել է դահլիճ, որտեղ հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել նիստերի ընթացքին․ աթոռները տեղադրված են այնպես, որ անձանց միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, իսկ դիմակների պատշաճ կրումը կլինի պարտադիր:

--00—ԼՄ