Դիտարկում ենք փոխադարձաբար իրանական դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

տռռեգտեռգ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

«Ողջունելով հյուրին՝ Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև երկխոսության հարաճուն մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստում ձեռք բերված երկուստեք պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շրջափուլ կմտնեն:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը՝ առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը որակական նոր աստիճանի բերելու համար:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրեր, դեղարտադրության, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր մեթոդների կիրառմամբ մատուցվող նեղ մասնագիտական մի շարք ոլորտներում համագործակցության, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:

«Դեղագործության ոլորտում հայ-իրանական գործակցության մեծ պոտենցիալն ակնհայտ է: Մենք մշտապես դիտարկում ենք փոխադարձաբար իրանական արտադրության դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հետաքրքրվել է Հայաստանում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությամբ:

Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային կապերի ակտիվացմանն ուղղված այլ ծրագրերի, քննարկել կրթական ծրագրերի ինտեգրման ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:

--00--ՍԳ