10-ից ավելի բնակարանային գողություն ու գողության փորձ. կասկածյալները ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

․

Հունվարի 20-ին, օրը ցերեկով, երկու տղամարդ Մասիս քաղաքի տներից մեկն էին մտել: Գողության պահին տանտերը վերադարձել էր։ Հյուրասենյակում քաշքշուկ էր սկսվել։ Բնակարանատերը կողպեքով խփել էր մեկին, նրանք էլ աթոռով խփել էին տանտիրոջն ու փախել։

Դեպքի վերաբերյալ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես Մասիսի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե։ Կասկածյալների արտաքին նկարագիրը երկու բնակարանագողի էր հիշեցնում, որոնք վաղուց ոստիկանների տեսադաշտում էին։

Ծավալուն հետախուզական միջոցառումներից հետո կասկածյալները, որոնցից մեկը՝ 52, մյուսը՝ 29-ը տարեկան էր, «Ռենո» մակնիշի իրենց մեքենայով հայտնաբերվել են Մարմարաշեն գյուղում։ Վարորդի գլուխը վնասված էր։ Նա էր, ում կողպեքով խփել էր բնակարանատերը։ Երկուսն էլ, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 52-ամյա տղամարդը 2018 թ. մարտից 2022 թ. հունվարի 20-ը Ջրահովիտ գյուղում և Մասիս քաղաքում 10-ից ավելի բնակարանային գողություններ ու գողության փորձեր էր արել։ Հարմարեցված գործիքով բացել էր բնակարանների դռները կամ պատուհանները, գողացել փող, ոսկեղեն, բանկային քարտեր, մարզական մեդալներ, հեռուստացույց, բջջային հեռախոսներ, հոսանքակարգավորիչներ, կենցաղային ապրանքներ ու աշխատանքային գործիքներ, մի խոսքով՝ ինչ հնարավոր էր եղել։

Ջրահովիտ գյուղի տնից հափշտակած գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ մյուս բնակարաններից գողացվածը հայտնաբերելու ուղղությամբ։

Տղամարդիկ ձերբակալվել են։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00--ԱՀ