«Հայկական Շվեյցարիան» կառանձնանա՞ Սևանից․ համայնքներն ու մարզպետարանը հակասության մեջ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Հասարակական

Կառավարությունը, մարզպետարանը առայժմ չեն պատասխանել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ ու Սեմյոնովկա համայնքների բնակիչների պահանջին՝ երկու գյուղերը հանել Սևան խոշորացված համայնքի կազմից և միավորել մեկ ընդհանուր համայնքի մեջ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը։ 

«Առայժմ ասեցին, որ սպասենք, գործընթացը շարունակվում է, թե ինչ կորոշեն, հետո կտեսնենք, դեռ չգիտեմ՝ երբ կպատասխանեն», - նշեց Մնացականյանը։ Սեմյոնովկայի ղեկավարի ԺՊ-ն դեռևս հնարավորություն տեսնում է Սեմյոնովկայի և Ծովագյուղի միավորման համար։ Ըստ նրա՝ միավորման պարագայում խոշորացված համայնքի ընդհանուր անվանումը գուցե «Ծովագյուղ» կլինի։ 

Հունվարի 24-ին Ծովագյուղ ու Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը և պահանջում էին կառավարությունից չեղյալ հայտարարել խոշորացման մասին որոշումը, համաձայն որի՝ այս համայնքները մտել էին Սևանի մեջ։ Դեկտեմբերի 5-ին բնակիչները չէին մասնակցել Սևան խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ այդ կերպ իրենց անհամաձայնությունը հայտնելով խոշորացման դեմ։

Ծովագյուղի համայնքի ղեկավարի ԺՊ Վահրամ Գևորգյանը 24News-ին ասաց այդ օրը հավաքվելու նպատակը եղել է ժողովը։ «Ճանապարհ չենք փակել, հավաքվել ենք, ժողով ենք արել», - նշեց նա։

Գևորգյանն ասաց, որ ժողովուրդը դեկտեմբերի 5-ին իր ընտրությունով [ՏԻՄ ընտրություններին չմասնակցելով] իր խոսքն ասել է․ «Խի Հայաստանում տենց համայնք կա՞, որ նման ձևի ընտրություն է արել»։ Ծովագյուղի համայնքապետի ԺՊ-ն հույս հայտնեց, որ կառավարությունից իրենց պահանջին շուտ կպատասխանեն:

Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը 24News-ին ասաց, որ «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը կյանքի է կոչվել, որով հիշյալ համայնքները մտել են Սևանի կազմի մեջ։ «Օրենքը մնում է օրենք։ Որևէ մեկին վերապահված չէ օրենքը ո՛չ վերծանելու, ո՛չ էլ վերլուծելու։ Օրենքը պիտի կյանքի կոչվի։ Սա է, ես ուրիշ բացատրություն չունեմ։ Օրենքը կյանքի է կոչվել, Հայաստանում ձևավորվել է 79 համայնք 913 համայնքի փոխարեն, ինչի՞ մասին կարող է խոսք լինել», - ընդգծեց մարզպետարանի պաշտոնյան։ Դիտարկամանը՝ «բնակիչները հույս ունեն, որ Ծովագյուղի և Սոմյոնովկայի համար բացառություն կարվի», Հարությունյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ, չեմ կարող նման բան ասել, այդ հարցը, խնդրում եմ, ուղղեք նրանց, ովքեր նախաձեռնում են»։

«Ես նորից եմ կրկնում, կա «Վարչատարածքային բաժանման մասին» օրենք, օրենքն այլևս կյանքի է կոչվել, ձևավորվել է 79 համայնք, որևէ ավել բան ես ասել չեմ կարող», - եզրափակեց նա։

--00--ԿԿ