Ճանապարհների պահպանում իրականացնող կազմակերպությունների հետ խորհրդակցություն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների (ՃՃՇ) հետ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կատարման ընթացքը, առկա խնդիրները, արձանագրված թերություններն ու բացթողումները, սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումները: Նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ այս ոլորտում առաջնահերթ նպատակը ճանապարհների պահպանման և կառավարման զարգացած համակարգի ներդնումն է՝ հիմնված բարձր կարողություններ ունեցող մասնագիտացված ընկերությունների վրա:

Նախարարն ընդգծել է, որ ճանապարհները սպասարկելիս ՃՃՇ-ները պետք է խստագույնս հետևեն և պահպանեն կնքված պայմանագրերով և կառավարության կողմից հաստատված կարգով սահմանված տեխնիկական պահանջներն և նորմերը, թարմացնեն և համալրեն օգտագործվող տեխնիկայի պարկը՝ համապատասխանեցնելով սահմանված պահանջներին: Նշվել է, որ եղանակային ամենաբարդ պայմաններում ևս սպասարկող ընկերությունները պետք է պատրաստ լինեն ապահովելու ճանապարհների պատշաճ սպասարկումը։

Հանդիպմանը ներկա նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ճանապարհների վատ սպասարկումը կարող է պատճառ հանդիսանալ և նպաստել ճանապարհատրանսպորտային պատահարների աճին։ Հետևաբար, հետևողական կերպով ուսումնասիրություն և վերահսկողություն է իրականացվելու յուրաքանչյուր դեպքով և պարզվելու է՝ արդյոք ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը ճանապարհի վատ սպասարկումն է եղել, թե ոչ։

Ղալեչյանը նկատել է, որ ՃՃՇ-ներն իրենց աշխատանքներին նոր որակ պետք է հաղորդեն՝ ժամանակին և ճիշտ կազմակերպեն ձնամաքրման աշխատանքները, բարելավեն կատարման եղանակը: Նշվել է նաև աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և վերահսկողության նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ ՃՃՇ-ների ներկայացուցիչների կողմից հնչել են տարբեր առաջարկություններ, որոնք քննարկվել են նախարարի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների կողմից։

--00—ՄՀ