15-50 մլն ՀՀ դրամ կանխիկ դրամական միջոցներ է հայտարարագրել մոտ 750 պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

տռռեգտեռգ

Ըստ 2020 թվականի տարեկան հայտարարագրերում տարեվերջի դրությամբ հայտարարագրված տվյալների՝ զգալի թվով պաշտոնատար և վերջիններիս ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք հայտարարագրել են խոշոր կանխիկ դրամական միջոցների մնացորդներ։ Այս մասին հաղորդում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

«Մասնավորապես՝

15-50 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 750 անձ,

50-100 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 160 անձ,

100 մլն և ավելի ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 70 անձ:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող եկամուտը կամ դրամական միջոցներով հանձնած փոխառության գումարը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարատուն նշված գործարքները կատարել է կանխիկ ձևով:

2022 թվականի հունվարի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով էական սահմանափակումներ են նախատեսվում կանխիկ գործարքների նկատմամբ։ Մասնավորապես, 300,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն։

Պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հաշվետվողականության համար Հանձնաժողովը խոշոր կանխիկ դրամական միջոցների առկայությունը դիտարկում է որպես ռիսկային գործոն: Այդ հիմքով Հանձնաժողովը դիտարկում է խոշոր կանխիկ գումարի առկայությունը հայտարարագրերի համալիր վերլուծության իրականացման համար որպես հիմք ընդունելու հնարավորությունը:

Հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում իրականացնում է նաև օրենքով սահմանված պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում հաշվի է առնվում նաև խոշոր կանխիկ դրամական միջոցների առկայությունը, ինչը կարող է ազդել համապատասխան պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության գնահատականի վրա:

Ելնելով վերոգրյալից՝ հայտարարատու անձանց առաջարկում ենք դրամական միջոցները պահել անկանխիկ եղանակով, ինչն ավելի թափանցիկ և հաշվետու կդարձնի պաշտոնատար անձանց գործունեությունը»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

--00--ՍԳ