Տնտեսական հարաբերությունները խթանելու համար անհաղթահարելի խոչընդոտներ չունենք․ Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Հազարամյակների պատմական առնչություններ ունեցող երկու հարևան և բարեկամ ազգերը՝ հայերն ու իրանցիները, այս տարի՝ 2022 թ. փետրվարի 9-ին, նշում են իրենց ժամանակակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս կարևոր տարեդարձի առիթով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ ասելով, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների պատմական երկարամյա հարաբերությունները շատ լավ հիմք են միջպետական երկկողմ հարաբերություններն առավել ընդլայնելու համար:

«Գրեթե երկու տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում, և իմ տպավորություններից մեկն այն է, որ մենք պետք է բարձրացնենք միմյանց մասին ունեցած մեր ճանաչողության մակարդակը», - ասաց Իրանի դեսպանը՝ շեշտելով, որ բոլոր ոլորտներում էլ հնարավոր է բարելավել հարաբերությունները, և դրա համար մեծ խոչընդոտներ չկան:

Ի թիվս մի շարք հարցերի՝ դեսպանը կարևորում է ե՛ւ հայ և իրանցի գործարար շրջանակների շփումների ակտիվացումը, ե՛ւ միջպետական ճանապարհների բարեկարգման նախագծերն ավարտելը:

Տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը մեծապես կարող է նպաստել Թեհրանի նախաձեռնած «Պարսից ծոց -Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որի մաս է կազմում Հայաստանով անցնող «Հյուսիս -Հարավ» ավտոճանապարհը:

«Մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար, և որպես կանոն դրանից հիմնականում կշահեն երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրները», - շեշտում է Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նախագծի ամենաազդեցիկ և կարևոր հատվածներից մեկն, ըստ դեսպանի, «Հյուսիս – Հարավ»-ի չորրորդ տրանշի մի մասն է, որը կմիացնի Քաջարանը և Սիսիանը մի շարք կամուրջներով և թունելներով:

Իրանի կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին Նորդուզ-Սյունիք-Երևան ցամաքային ճանապարհն է:

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացը, որն իրականացվում է՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դեսպան Զոհուրիի խոսքով՝ եթե Նախիջևանի ճանապարհները բացվեն՝ Իրանի և Հայաստանի միջև կապ կհաստատվի Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային կարճ ճանապարհով:

Միևնույն ժամանակ իրանցի դիվանագետը ընդգծում է, որ առաջարկվող նոր տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհի և Հայաստանի տարածքում՝ «Հյուսիս – Հարավ» նախագծի կարևորությունը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դիվանագիտական առաքելություն է իրականացնում Երևանում մոտ երկու տարի: Նա Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2020 թ. հունվարի 22-ին, իսկ իր հավատարմագրերը ՀՀ նախագահին հանձնել է 2020 թ. փետրվարի 4-ին՝ փոխարինելով դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին:

Աբբաս Բադախշան Զոհուրին քաղաքագետի կրթություն է ստացել Թեհրանի համալսարանում: Իրանի արտգործնախարարությունում սկսել է աշխատել որպես փորձագետ 1993 թվականից: Մինչ Հայաստանում նշանակվելը 59-ամյա դիվանագետը եղել է Համբուրգում Իրանի գլխավոր հյուպատոսը, այնուհետև՝ ԻԻՀ ԱԳՆ Կրթության և ադմինստրացիայի գլխավոր վարչության պետը:

Զրույցի սկզբում դեսպան Զոհուրին մեր խնդրանքով խոսեց իրանական հարուստ պոեզիայի և իրանցի հռչակավոր բանաստեղծների մասին, որոնց ուղերձը, դեսպանի խոսքով, համամարդկային է և լսելի բոլոր ժամանակաշրջաններում:

Սիրված պոետների հարուստ գրականությունից դեսպան Զոհուրին առանձնացնում է Սաադիի՝ համամարդկային և հումանիստական վեհ գաղափարներ քարոզող հետևյալ տողերը.

Շարունակությունը՝ այստեղ։

--00—ԼՄ