ՄԻԵԴ-ը «Արսեն Արծրունին ընդդեմ Հայաստան» գործը համարել է անընդունելի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հասարակական

Սույն թվականի հունվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվել է «Արսեն Արծրունին ընդդեմ Հայաստան» գործով որոշումը: Այս մասին հայտնում են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Եվրոպական դատարանն Արսեն Արծրունու գանգատը համարել է անընդունելի՝ ընդունալիության ratione materiae չափանիշին չհամապատասխանելու պատճառով:

Գանգատը վերաբերում էր ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածով և 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների ենթադրյալ խախտումներին՝ կապված վերջինիս վերաբերյալ դեռևս 1996 թվականին կայացված դատավճռով հաստատված մեղադրանքների և ներպետական քրեական օրենսդրության փոփոխությունների համապատասխանության հարցին:

ՀՀ կառավարությոնն իր առարկություններում նշել էր, որ գործի փաստական հանգամանքների շրջանակներում դիմումատուի վերը նշված իրավունքների խախտման հարց չի կարող բարձրանալ, քանի որ օրենսդրական փոփոխությունները որևէ կերպ չեն վատթարացրել դիմումատուի վիճակը:

Եվրոպական դատարանն իր որոշմամբ անդրադառնալով դիմումատուի մեղադրանքի որակման և ներպետական օրենսդրության փոփոխության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշմանը՝ գտել է, որ նկատի ունենալով գործի փաստական հանգամանքները՝ գանգատը դուրս է Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակներից և այն հայտարարել է անընդունելի՝ համաձայն Եվրոպական կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի: 

--00--ԿԿ