Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքագրել է 65 մլրդ դրամ և տվել 55 մլրդ դրամի հատուցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

զին

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) նշում էր ստեղծման 5-ամյակը։ Որդեգրելով «Միասին՝ հերոսի կողքին» կարգախոսը՝ ԶԱՀ-ը ստեղծման օրվանից մինչ օրս Հայաստանից և Արցախից ստացված պարտադիր վճարներով և աշխարհի տարբեր երկրներից հավաքագրած նվիրաբերություններով կանգնած է եղել մեր հերոսների և նրանց ընտանիքների կողքին։

5-ամյակի միջոցառման սկզբում ԶԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը նշել է, որ ԶԱՀ-ի ստեղծման սկզբում տարակարծություն կար ԶԱՀ-ի կարևորության և անհրաժեշտության վերաբերյալ, սակայն 44-օրյա պատերազմից հետո հիմնադրամի գոյության կարևորությունն այլևս կասկածի տակ չդրվեց. «ԶԱՀ-ի ստեղծման և կայացման գաղափարի լուրջ հավաքված մարդիկ շահ հեռատես էին»։

Հիմնադրամից հայտնում են, որ ԶԱՀ հիմնադիր և նախկին տնօրեն Վարուժան Ավետիքյանը կարևորել է ստեղծման սկզբում ԶԱՀ-ի աշխատանքները կամավոր իրականացրած անձանց ներդրած ջանքերն ու հատկապես ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցների պատրաստակամությունը, ովքեր մինչ հիմնադրամի թիմի ձևավորումը կատարում էին աշխատանքները։

«44-օրյա պատերազմի ընթացքում ԶԱՀ-ը կարևոր աշխատանք է կատարել սփյուռիք հետ, և իմ անձնական երազանքներից մեկն է, որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայրենակից կամ նրանց մեծամասնությունը գոնե Հայաստանի և Արցախի քաղաքացիների նման ամսական որոշակի գումար վճարի հիմնադրամին, որովհետև ԶԱՀ-ը հայկականությունը պաշտպանող նախագիծ է», - ասել է Վարուժան Ավետիքյանը։

ԶԱՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Յաղջյանի խոսքով՝ ԶԱՀ-ը բարեգործություն և օգնություն չի տրամադրում, սա բոլորիս պարտքն ու հոգածությունն է այն ընտանիքների և տղաների նկատմամբ, որ զոհել են իրենց ամենաթանկը։

«Այս 5 տարիների ընթացքում ԶԱՀ-ը կարողացավ հավաքագրել 65 մլրդ դրամ և այսօր արդեն տրամադրել ենք 55 մլրդ դրամի հատուցում։ Այսօր մենք հատուցումներ են տրամադրում 4689 դեպքով և այս թվի մեծամասնությունը ստացել ենք 44-օրյա պատերազմից հետո։ Մենք հատուցումներ ենք տրամադրում զոհված, անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին և առաջին ու երկրորդ կարգի զինհաշմանդամություն ունեցող տղաներին», - ասել է  Տաթևիկ Յաղջյանը։

--00—ԼՄ