Թաթոյանն ուԱդրբեջանի հարցերով մշտական զեկուցողը Բրյուսելում քննարկում են անցկացրել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

․

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի և Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ Բրյուսելում անցկացրած քննարկումների մանրամասները։

ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունում նշված է․

«Այսօր Բրյուսելում քննարկում եմ ունեցել Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ, իսկ երեկ` Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ, հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Պաշտպանի հայտարարությունում նշված է նաև․

Զեկուցողներին եմ ներկայացրել փաստերն ադրբեջանական զինված ծառայողների կողմից Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում Հայաստանի բնակիչների իրավունքների խախտումների (գողություններ, կրակոցներ, արոտավայրերի հրդեհում, տեսախցիկներով քաղաքացիական տների դիտարկում և այլն) մասին: 

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներն առանց որևէ իրավական հիմքի փակելու հետևանքով շրջակա գյուղերի բնակիչները կանգնել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

Ավելին, ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:

Խախտումների վերացման իրական լուծումը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը որևէ կերպ չի նվազել: 

Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:

Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:

Մանրամասն ներկայացրել եմ Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների խախտումները (գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, գողությունները և այլն) Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հիման վրա:

Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների (այդ թվում` նոր ձևերը) վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն)»:

--00--ԱՀ