Քաղաքացիները ոստիկանության տարբեր բաժիններում հանձնել են ապօրինի զենք- զինամթերք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

․

Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Հատկապես արդյունավետ է եղել  ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման չորս դեպք, մասնավորապես, «Կալաշնիկով» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և փամփուշտների։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

««Կալաշնիկով» ինքնաձիգների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների, կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Էրեբունու և Շենգավիթի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում։ Մասնավորապես, Գավառի և Մարտունու բաժիններում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգների և ռազմամթերքի, Ճամբարակի բաժնում՝ հակատանկային նռնականետի և փամփուշտների, Վարդենիսում՝ ակոսափող հրազենի և տարբեր տեսակի ռազմամթերքի, Սևանի բաժնում՝ ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակի։

Ոստիկանության Աշտարակի և Նաիրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են հրացանների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։

Թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Թալինի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նշված դեպքերի առթիվ նշանակվել են փորձաքննություններ։

ՀՀ ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

--00--ԱՀ