Միասնական նվիրումով զորացնենք մեր ազգային բանակը․ ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

հյդ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Բանակի օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է․ 

«30 տարի առաջ՝  1992 թ․  հունվարի 28-ին,  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Այն ծնունդն էր մեր արդար պայքարի, մեր պոռթկած արժանապատվության՝ ծառայելու մեր անվտանգությանն ու պետականության ամրապնդմանը։

Հայոց բանակը կոփվեց հերոսական մարտերում՝ դառնալով հզոր ու մարտունակ:  Յուրաքանչյուր հայ հպարտ էր իր բանակով և իր զինվորով։ Մեզ միացնում էր այն հաստատ համոզումը, որ Հայրենիքի սահմանին  կանգնած զինվորը գիտակցում և ծառայում է վեհ գաղափարի՝ ինքն է հայկական պետության և անվտանգության հիմնական երաշխավորը:

Հայոց բանակն ու  Հայոց պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններով են անցել, արձանագրել հերոսական էջեր, դիմագրավել և շարունակում են դիմագրավել լրջագույն մարտահրավերներ։

Մեր ժողովրդի և բանակի համար այս ծանր օրերին պետք է գիտակցենք և առաջնորդվենք կամքով և հավատով, որ մեր նահանջները ժամանակավոր են, որ մեր բանակն ու զինվորը յուրաքանչյուրիս  անվերապահ զորակցության կարիքն ունեն։ Միասնական նվիրումով զորացնենք մեր ազգային բանակը, սահմանին կանգնած մեր որդիներին հավատ ու վստահություն ներշնչենք սեփական ուժերի և վսեմ առաքելության նկատմամբ։

ՀՅԴ-ն, լինելով Հայոց բանակի կազմավորման ակունքներում, մշտապես սատարել է Հայոց բանակին։ Մենք դա գործով ենք ապացուցել՝ պետականության և հայ զինվորի կողքին կանգնելով Արցախյան ողջ ազատամարտի, նաև 44-օրյա պատերազմի օրերին։ Մենք դա արել ենք անսակարկ, մեր  տասնյակ նվիրյալ ընկերների կյանքի գնով, նրանց հերոսական զոհողություններով։  Այսօր էլ կանգնած ենք հայրենիքի և պետականության, նրա նվիրյալ գեներալների, սպաների ու զինվորների կողքին և թույլ չենք տա նսեմացնել մեր ազգի ու պետության անվտանգության  երաշխավոր Հայոց բանակը, այն էլ` անվտանգային լրջագույն սպառնալիքներով լի այս ժամանակներում:

Խոնարհում հայ զինվորին։

Շնորհավո´ր տոնդ, Հայո՛ց բանակ: Շնորհավո´ր տոնդ, հա՛յ ժողովուրդ, անկոտրում կամքով դեպի նոր ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ»:

--00—ՄՀ