Պապիկյանի հարսանիքից առաջ ևս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 29,  24 News

Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ակտիվորեն տարածման ու դրանով պայմանավորված՝ դրական դեպքերի աճ է կանխատեսում։ Արդեն օրական 2 հազարից ավելի դեպք է գրանցվում, եւ սա, ըստ նախարարի, դեռ պիկը չէ։ Պատճառն այն է, որ «Օմիկրոն» շտամը շատ ավելի արագ է տարածվում։

Օրեր առաջ՝ հունվարի 22-ին, կառավարությունը՝ ողջ կազմով, նաեւ պատգամավորներ, զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնակցել էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին, որից մի քանի օր անց՝ հունվարի 26-ին, հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Հետո մամուլում գրվեց այլ բարձրաստիճան պաշտոնյաների վարակման մասին եւս։ Անահիտ Ավանեսյանը  «Հրապարակ օրաթերթ»-ի հետ զրույցում նախ ասաց, որ հիվանդության տարածումը վերջին երեք շաբաթների ընթացքում է աճի միտում ցույց տալիս, եւ ավելացրեց, որ շաբաթ օրվա միջոցառումից առաջ եւս եղել են կորոնավիրուսով վարակված պաշտոնատար անձինք։ «Ուստի էստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»,- ասաց Ավանեսյանը։

- Բայց վարչապետի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը համընկավ հենց Պապիկյանի հարսանիքին մասնակցելուց հետո ընկած ժամանակահատվածի հետ։ Չե՞ք կարծում, որ վարակի տարածման օջախ է հանդիսացել հենց Պապիկյանի բազմամարդ հարսանիքը։

- Տեսեք, այս օրերին գրանցված 2 հազարից ավելի մարդկանց վարակման տարբեր առիթներ կարող են լինել, եւ ինչ-որ զուգահեռ անցկացնելու իմաստ չունի եւ տեղին չէ։

- Իսկ հարսանիքի ժամանակ ռեստորան մուտք գործելիս Ձեզնից QR կոդ պահանջե՞լ են։

- Այո։

- Անձամբ միայն Ձեզնի՞ց, թե՞ հարսանիքի մյուս մասնակիցներից եւս։

- Ես իմ մասին եմ խոսում, այո, ես, ինչպես այդ օրը, դրանից հետո, արդեն ընթացքում ուր որ այցելել եմ, բարեբախտաբար, հարցրել են QR կոդ։

- Թեեւ այսօր բազմամարդ հավաքներն արգելված չեն օրենքով, բայց, հաշվի առնելով վարակի տարածման ռիսկը, զուտ անձնական պատասխանատվության տեսանկյունից չե՞ք կարծում, որ գոնե կառավարության անդամները պետք է այս հարցում զգուշավոր լինեն եւ այդ բազմամարդ հավաքներից խուսափեն, քանզի կարող էր եւ հենց այդ հարսանիքը վարակի տարածման աղբյուր հանդիսանալ։

- Տեսեք, միանշանակ կառավարության անդամները, բարձրաստիճան պաշտոնյաները, առաջնորդվելով այդ՝ ավելի բարձր պատասխանատվության զգացումով, պատվաստման առաջին իսկ հնարավորության պարագայում առաջինն էին, որ պատվաստվեցին։ Հետեւում են բոլոր սահմանափակող միջոցառումներին, դիմակներ կրելուն եւ այլն եւ, նորից եմ կրկնում, ենթարկվում են այս պահին օրենքով սահմանված կանոններին եւ դրա շրջանակներում արդեն իսկ կազմակերպում են իրենց կյանքը, ինչպես նաեւ մյուս բոլոր քաղաքացիները։ Հավելյալ բան չունեմ ասելու։

- Բայց, ենթադրաբար, այդ օրը հարսանիքին դիմակ չեն կրել, Դուք էլ չեք կրել, մյուսներն էլ։

- Ես նորից եմ կրկնում, ինչպես Դուք շատ լավ քաջատեղյակ եք, մենք արգելք չունենք սնվելիս, հանրային սննդի վայրերում գտնվելիս դիմակ կրելու։

- Ասացիք, որ այս թվերը դեռ պիկը չեն, էլի եք սպասում թվերի աճի։ Դուք դրան ընդառաջ ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ եք նախատեսում, հնարավո՞ր է նոր սահմանափակումներ եւս կիրառվեն, եւ այս իրավիճակում մահճակալային ֆոնդի խնդիր կարո՞ղ է առաջանալ։

- Իհարկե, հոսպիտալացման տոկոսը դրական դեպքերի մեջ ավելի նվազ է, քան «Դելտա» շտամի պարագայում, բայց մենք հասկանում ենք, որ երբ ունենք 2 հազար 500, հաջորդիվ՝ շատ ավելի մեծ թվեր, մենք տեսնում ենք, որ, ցավոք սրտի, հարեւան Վրաստանում երեկ էլ 17 հազար դրական դեպք է գրանցվել։ Եվ արդեն այդ մեծաթիվ դրական դեպքերի մեջ, իհարկե, այդ 5 տոկոսն էլ բավականին մեծ թիվ է կազմում, եւ մենք չենք կարող թեթեւ մոտենալ դրան, բոլորս էլ հասկանում ենք, որ առողջապահական համակարգն այսօր էլ եւ հաջորդիվ գերլարված ռեժիմով պետք է աշխատի, որպեսզի կարողանա պատշաճ բժշկական օգնություն մատուցել։ Մենք ունենք հստակ պլան՝ մեր մահճակալային ֆոնդի ծավալման, եւ ըստ այդ պլանի՝ առաջնորդվում ենք։ Հաջորդ օրերին կարիքի դեպքում կծավալվեն նոր մահճակալներ, քովիդի բուժման մեջ կընդգրկվեն նաեւ այլ բժշկական կենտրոններ։ Այս պահին մենք ունենք մոտ հազար հոսպիտալացված քաղաքացի, որոնք օգտվում են ստացիոնար բժշկական օգնությունից։

- Իսկ նոր սահմանափակումների կամ նոր կանխարգելիչ միջոցառումների հավանականություն կա՞։

- Այս պահին նոր սահմանափակումների մասին արդեն իսկ կազմված նախագծեր չունենք, կարող եմ ասել, որ դեռ պահպանվում է այն ռեժիմը, որը հիմա ունենք։

 --00—ՄՀ