Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

տռռեգտեռգ

Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դատախազի՝ ցուցումներով որոշումների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից մասնակի առարկություններ են ներկայացվել, դրանց քննարկման դատավարական ժամկետները սպառված չեն և առարկությունները քննարկման փուլում են:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իր անհամաձայնությունն է հայտնել Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու դատախազի որոշման վերաբերյալ:

«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- հայտարարել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դատախազությունն արձագանքել էր՝ նշելով, որ գործը լրացուցիչ քննության ուղարկելու դատախազի որոշումը լրիվ իրավաչափ է և բխում քրեադատավարական օրենքով դատախազին վերապահված իրավունքներից։

«Թե ինչ հիմնավորմամբ է դատախազի այդ որոշումը անօրինական կամ անհիմն որակվել, թերևս դրա դեմ վերադաս դատախազին առարկություններ ներկայացվելու դեպքում նույն քրեական դատավարության օրենքի տառին համապատասխան կքննարկվի և դիրքորոշում կարտահայտվի: Ուզում եմ հիշեցնել միայն, որ մեղադրական եզրակացությունը հաստատելուց և գործը դատարան ուղարկելուց հետո բացառապես դատախազն է պատասխանատու մեղադրանքի պաշտպանության համար: Իսկ նախաքննական մարմինը, տվյալ դեպքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ունեն պարտավորություն ցանկացած պարագայում իրականացնելու լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և դրա շրջանակում պետք է ապահովեն առաջադրված մեղադրանքների համար բավարար ապացույցներ և դրանց բավարար համակցություն»,- հայտարարել էին դատախազությունից։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:

Ըստ նախաքննական մարմնի՝ 2000-2018 թվականների ընթացքում Վ. Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Վ. Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով և այլ եղանակներով օրինականացրել է դրանք: Քննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի չափով գույք:

--00--ՍԳ