Պուտինը Թուրքիա կգա Չինաստան այցից հետո․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիև մեկնելուց առաջ օդանավակայանում խոսել է Թուրքիայի մի շարք օրակարգային թեմաների մասին և պատասխանել լրագրողների հարցերին: Էրդողանը կրկնել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինային տարածքային ամբողջականության հարցում: Նա հավելել է, որ այս հարցը թուրքական կողմը բարձրաձայնում է բոլոր հարթակներում: Այս մասին գրել է Ermenihber.am-ը։

Էրդողանն ընդգծել է, որ պատրաստ են հնարավոր ամեն ինչ անել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության միջավայր ձևավորելու համար:

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցին՝ Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիա կժամանի Չինաստան կատարելիք այցից հետո: Նա շեշտել է, որ ցանկանում են ռուս-ուկրաինական ճգնաժամը հաջողությամբ հաղթահարել:

Թուրքիայի նախագահը խոսել է նաև Իսրայելի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ մարտի կեսերին սպասվում է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի այցը Թուրքիա: Էրդողանի խոսքով՝ այս այցով կփորձեն երկկողմ հարաբերությունները բոլորովին այլ հիմքերի վրա դնել: Նա հավելել է, որ մինչև Հերցոգի այցը գուցե Թուրքիան հատուկ ներկայացուցիչ ուղարկի Իսրայել նախապատրաստական աշխատանքների համար:

Էրդողանը խոսել է նաև Օսման Քավալայի դատավարության մասին՝ նշելով, որ չեն ընդունում նրանց, ովքեր չեն ճանաչում թուրքական դատարանների որոշումները: Նա ընդգծել է, որ թուրքական դատարանները ունեն կայացրած դատավճիռ, և նման դեպքում իրենց չի հետաքրքրում, թե ինչ է ասում ՄԻԵԴ-ը:

--00—ՄՀ