Օհանյանին կանչեինք, ասեինք՝ եթե համաձայն չես, ինչո՞ւ ես շիշ նետում․Սիմոնյանը՝ ԱԺ ծեծկռտուքների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

nka8

8-րդ գումարման Ազգային ժողովի այս 8 ամիսների ընթացքում աննախադեպ շատ միջադեպեր են գրանցվել՝ շիշ նետել, ոտքով հարվածել, վիրավորել, հայհոյել, ամբիոնի մոտից հեռացնել պատգամավորին, բռնությամբ դահլիճից դուրս հանել, պատգամավորների օգնականների մասնակցությամբ ծեծկռտուք։ Parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում նշել է ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այդ միջադեպերի առնչության ասել է․

«Մենք չէինք կարող խուսափել այդ երևույթներից, որովհետև նախընտրական ժամանակահատվածը աչքի է ընկել շատ ավելի վատ երևույթներով և շատ ավելի վատ հայտարարություններով: Ընդդիմությունը և ընդդիմադիր տարբեր գործիչներ չեն խորշել գնդակահարություններ բեմադրել, չեն խորշել անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնել և, բնական է, որ փողոցային պայքարի ամբողջ բացասական էներգիան եկել ու պարպվել է այդ փոքր դահլիճի մեջ: Բնական է, որ այդ լարվածությունը պետք է ինչ-որ ձևով արտահայտվեր և արտահայտվում է: Ես ցավում եմ այդ միջադեպերի համար:

Բնական է՝ հանրությունը վատ է վերաբերվում դրան ու ճիշտ է անում, որովհետև իրենք դրա համար չէ, որ պատվիրակել են պատգամավորներին: Բայց ներողություն եմ խնդրում, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է շիշը նետել ելույթ ունեցողի ուղղությամբ, ոչ թե հակառակը»:

Հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինի այդ միջադեպերով էթիկայի հնձնաժողով ստեղծել, նա պատասխանել է. «Իմ համոզմամբ՝ դա որևէ բան չէր փոխի: Այսինքն՝ ի՞նչ, Սեյրան Օհանյանին կանչեինք Էթիկայի հանձնաժողով, ասեինք՝ եթե ելույթ ունեցողի հետ համաձայն չես, ինչո՞ւ ես շիշ նետում իր ուղղությամբ, ի՞նչ էր դա փոխելու: Էթիկան պետք է ներքին լինի: Երբ մարդիկ գալիս են ԱԺ և փորձում են իրենց այնտեղ լինելը արդարացնել նման գործողություններով, այլ ոչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալով, ի՞նչ էթիկայի հանձնաժողով: Իրենք գալիս են իրենց ընկերների, որոնք իրենց բնորոշմամբ, քաղաքական առումով հետապնդվում են, առջև արդարանան, ասեն՝ տեսեք, մենք այստեղ գործ ենք անում, պայքարում ենք ձեզ համար: Այդտեղ ի՞նչ էթիկայի մասին է խոսքը»:

--00—ԼՄ