Կոչ ենք արել ԱՄՆ դեսպանությանը ժողովրդավարության նկատմամբ անտարբեր չմնալ․ Էլինար Վարդանյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24 News

դեսպան

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հանդիպմանը հիմնականում քննարկել ենք Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրները։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ նշելով ԱՄՆ դեսպանատան անտարբերությունը։

Երեկ ԱՄՆ դեսպանության թվիթերյան էջը հաղորդագրություն էր տարածել, որ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր և լսելու նրանց մտահոգությունները դատական և քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Համաձայն հաղորդագրության՝ Թրեյսին ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ուղուն։

Էլինար Վարդանյանն ասաց, որ հանդիպմանը մասնակցել են ինքը և նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։ 

«Դեսպանին ներկայացրել ենք այն բոլոր մտահոգությունները, որոնք կապված են դատական համակարգի անկախության դեմ ոտնձգությունների հետ, բերվել են օրինակներ դեսպանին։ Եվ միևնույն ժամանակ կոչ ենք արել դեսպանատանը, հաշվի առնելով նախկին եղած գործուն մասնակցությունը ժողովրդավարության կայացմանը, անտարբեր չմնալ ժողովրդավարության ոտնահարմանը, որը Հայաստանի Հանրապետությունում կայուն բնույթ է կրում», - նշեց Վարդանյանը։ 

Պատգամավորը նշեց, որ խոսել են նաև խոսքի ազատության սահմանափակումների մասին։ «Միևնույն ժամանակ ներկայացրել ենք մտահոգությունները վիրավորանքի քրեականացման արդյունքում հարուցված արդեն 200-ից ավելի քրեական գործերի կապակցությամբ։ Դեսպանին փոխանցել ենք մեր զարմանքը, որ այս պարագայում դեսպանատունը լուռ է, որովհետև այն ժամանակ, երբ լինում էր խոսքի ազատության հետ կապված որևէ սահմանափակում, որևէ ոտնձգություն խոսքի ազատության, լրատվամիջոցների նկատմամբ, ԱՄՆ ներկայացուցչությունն անպայման անդրադարձ էր կատարում։ Ցավոք սրտի, մենք այս պահին դրան [անդրադարձին] ականատես չենք լինում»։

Պատգամավորի խոսքերով՝ դատական իշխանության մասով անդրադարձ է եղել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանը, կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն։ «Խոսել ենք նաև այն մասին, որ այսօրվա իշխանությունը ձգտում է հնազանդեցնել (եթե նուրբ ասեմ) դատարանները և ստանալ իր համար ցանկալի որոշումներ։ Եվ, ցավոք սրտի, առանձին դատական գործերում դրա ականատեսն ենք լինում։ Մենք այս առումով դեսպանատան ուշադրությունն ենք փորձել գրավել Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, Նարեկ Մանթաշյանի գործերի վրա, որտեղ ըստ էության գործում է իշխանությունների՝ դատարանները հնազանդեցնելու մեխանիզմը», - եզրափակեց նա։

--00—ՄՀ