Սրճարանները կարող են լինել քանդվող-հավաքվող․ մշակութային գործիչները՝ Օպերայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Thumbnail

Մշակութային գործիչներն ասուլիսի շրջանակում անդրադարձել են Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման խնդրին։ 

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը նաև նշել է, որ Օպերայի հարակից հատվածը, Օղակաձև այգու հատվածը գերբեռնված են և շատ լավ է, որ այդ ապամոնտաժման աշխատանքները սկսվել են:

«Ոչ մեկը չի ասում՝ քարացած միջավայր ստանանք, սակայն դա բալանսավորված պետք է լինի՝  գոյություն ունեցող նորմերի համաձայն: Ես կարծում եմ՝ Մեսչյանը և քաղաքապետարանը շատ ճիշտ որոշում են կայացրել», - ասել է նա և նշել, որ սեփականատերերը, ըստ պայմանագրի, գիտեին պայմանները:

«Օղակաձև զբոսայգում շատ սիրուն քանդակներ կան, բայց դրանք չեն երևում, չի կարելի նման բաներ թույլ տալ», - ասել է Մկրտիչ Մինասյանը: Անդրադառնալով սրճարաններ կառուցելու թույլտվություն տալուն՝ նա հիշեցրել է, որ ժամանակին քսան քառակուսի մետրանոց սրճարան կառուցելու համար էին թույլտվություն խնդրում՝ պայմանով, որ 120 քառակուսի մետրը պետք է կանաչապատեն, սակայն դա չի պահպանվել և ճիշտ հակառակ մոտեցումն է եղել:

Արվեստի վաստակավոր գործիչը, անդրադառնալով այդ տարածքում աշխատողների կրճատման խնդրին, Կարեն Աղամյանն ասել է, որ նրանք մեկ այլ տեղ պետք է բացվեն:

Քանդակագործ Տիգրան Արզումանյանը համաձայնել է՝ քաղաքը ապրող օրգանիզմ է, փոփոխությունների ենթակա է, սակայն միշտ բոլորը ահազանգել են, որ կանաչ տարածքները վերածվում են սրճարանների:

«Տեսնում եմ, որ մի տեսակ Երևանի կենտրոնը դարձել է տաք տուն»-ասել է նա և առաջարկել, որ այդ սրճարանները լինեն ամռան սեզոնին՝ քանդվող-հավաքվող կոնստրուկցիայով։

«Մեր քաղաքին կանաչ տարածքներ են պակասում: Պետք էր նախագծողները պահանջեին, որ կանաչ տարածքները զբոսայգիներում պահպանվեին»,-ասել է արվեստի վաստակավոր գործիչ քանդակագործ Տիգրան Արզումանյանը: