Դատախազությունն ապօրինի վարույթ է սկսել Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) նկատմամբ․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Իրավական

Դատախազությունն ակնհայտ ապօրինի վարույթ է սկսել Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) հարցով, և վարույթի ընթացքում էլ խախտել է բնազմաթիվ իրավունքներ, հայցն էլ ակնհայտ անհիմն է։ Այս մասին 24News-ին ասաց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Փետրվարի 14-ին դատախազությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ 2022 թվականի հունվարի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ չորրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Արամ Վարդանյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 10 բնակարանները, բնակելի տները, խանութը, շինությունները, Կոտայքի և Տավուշի մարզերում գտնվող 4 հողամասերը, 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 870.997.100 ՀՀ դրամ, 260.298.106 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 472.097.316 ՀՀ դրամ։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործն արդեն գտնվում է դատարանում՝ մենք բնականաբար մեր փաստարկները կներկայացնենք դատարանի առջև և հանրությունը կտեսնի, որ ակնհայտ ապօրինի հայց է ներկայացվել», - անդրադառնալով դատախազության հայցին՝ ասաց փաստաբանը։

Վարդանյանի փաստաբանը, նկատի առնելով հետագա դատական գործընթացները, դեռևս չասաց՝ Արամ Վարդանյանի ո՞ր իրավունքներն են խախտվել։ Փաստաբանը նաև չասաց՝ կալանք դրվե՞լ է դատախազության հիշատակած գույքի վրա։

«Եթե Դուք գործընթացին հետևեք, ինքներդ կհամոզվեք, որ այս գործընթացն ակնհայտ ապօրինի է եղել ի սկզբանե և շարունակում է ապօրինի մնալ»,-նշեց փաստաբանը։

Լուսինե Սահակյանի խոսքերով՝ քանի որ սա այլ վարույթ է, իր պաշտպանյալը չի հարցաքննվել։ 

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Արամ Վարդանյանի գույքը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի (Հայցադիմումի ներկայացումը) 4-րդ մասը (Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):

--00--ԿԿ