ԵԽ-ն կոչ է արել ԼՂ հակամարտությունը կարգավորել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում և վերադարձնել բոլոր ռազմագերիներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

եխ

Եվրոպական խորհրդարանը կոչ է անում լիարժեքորեն իրականացնել Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին» 2021 թ. տարեկան զեկույցում: Այն ընդունվել է խորհրդարանի լիագումար նիստում, փոխանցում է 1lurer.am-ը։

Եվրախորհրդարանը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես՝ նրանց անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Զեկույցում անդրադարձ է կատարվում տարածաշրջանային իրավիճակին: Ընդգծվում է Հարավային Կովկասում Եվրամիության և անդամ երկրների ներգրավվածության ընդլայնման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի կայունության և բարգավաճման, ինչպես նաև տարածաշրջանային ուժերի ազդեցությանը և միջամտությանը հակազդելու համար:

«Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը, անդամ երկրներին և փոխնախագահ/բարձր ներկայացուցչին ակտիվորեն ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով կայուն կարգավորման որոնմանը և կանխել տարածաշրջանում լարվածության հետագա աճը, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծելու հետպատերազմական խնդիրները, այդ թվում՝ սահմանների սահմանագծումը և մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակումը»,- նշվում է զեկույցում:

Եվրախորհրդարանը վերահաստատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է տարածքային ամբողջականության, ինքնորոշման և իրավահավասարության, ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը: Եվրապատգամավորները ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ են արել շուտափույթ վերադառնալ իր միջնորդական դերակատարմանը:

--00—ՄՀ