Ադրբեջանցի պատգամավորների հնարավոր այցը Երևան․ ի՞նչ հարցեր կբարձրացվեն Եվրանեսթի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

քաղաքական

Փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Ազգային ժողովի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:

Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը 24News-ին ասաց, որ իր ելույթում նախատեսել է խոսել Հայաստանի առջև ծառացած խնդիրների մասին։ «Այն է՝ գերիների վերադարձի, ՀՀ սուվերեն տարածքի, մեր հայրենիքի, Արցախի տարածքի օկուպացիայի, պատերազմի ժամանակ օտարերկրյա զինյալների ներգրավման, ագրեսիայի, արգելված զինատեսակների օգտագործման, մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունների մասին»։

Ադրբեջանից քննարկվում է երեք պատգամավորի՝ Ազեր Քարիմլիի, Թայիր Միրկիշիլիի և Սոլթան Մամադովի հնարավոր այցը Երևան։ Վեհաժողովի լիագումար նիստը վերջին անգամ Երևանում անցկացվել էր 2015-ին, սակայն ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել էր Հայաստան գալ՝ պատճառաբանելով, որ «Եվրանեսթը» պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ վերջին անգամ այս առթիվ Բաքվից պատգամավորներ եկել էին 2012-ին։ Հայկ Մամիջանյանն ասաց, որ ադրբեջանցի պատգամավորների ներկայությունից իր հռետորաբանությունը որևէ կերպ չի փոփոխվում։ «Ադրբեջանցիներն այդ պահին են լսում, թե ինչ են ասում կամ իրենց երկրում են լսում, իմ հռետորաբանությունը որևէ կերպ փոփոխություն չի կրելու»։

Իսկ թե այս նիստն ինչ կտա Հայաստանին քաղաքական առումով, ապա ըստ պատգամավորի՝ յուրաքանչյուր միջազգային կառույցի նիստում արդյունավետությունը «ցավոք սրտի, առաջին հերթին կախված է մեծամասնության գործելաոճից»։ «Եվ նաև բոլորիս աշխատանքից։ Կարծում եմ, որ ընդդիմությունն իր անելիքը և հասանելիքն անպայման կանի, մնում է իշխանությունն ապիկար գործելաոճ չորդեգրի», - եզրափակեց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ այս նիստը ազդեցություն չի ունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա, որովհետև Եվրանեսթի իրավասությունների շրջանակում այդպիսի բան չկա։ «Ինձ համար մարդկայնորեն տհաճ է նրանց [Ադրբեջանի ներկայացուցիչներին] տեսնել», - ասաց պատգամավորը։

Խաչատրյանը նշեց, որ իր կողմից բարձացվելու են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են Ղարաբաղին, նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Ըստ նրա՝ օրակարգից զատ այլ հարցեր են քննարկվելու։ «Բնականաբար մենք ավելի լուրջ հարցեր ենք քննարկելու։ Բայց կոնկրետ ինչի մասին եմ խոսելու, բնականաբար նիստից առաջ չեմ ասի որևէ բան», - ընդգծեց պատգամավորը։ 

Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը հրաժարվեց հեռախոսով մեկնաբանություն տալ։ «Շնորհակալ եմ, բայց տեղեկացնեմ Ձեզ, որ ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»,- ասաց նա։ 

Փետրվարի 22-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվեն Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը։

--00--ԿԿ